Home / Հայաստան / Այսօրվա Ադրբեջանի հետ փոխզիջումների մասին խոսել չենք կարող. ԼՂՀ նախագահ

Այսօրվա Ադրբեջանի հետ փոխզիջումների մասին խոսել չենք կարող. ԼՂՀ նախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում որևէ փոխզիջում չի կարող լինել առանց Ղարաբաղի գիտության: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի ձևաչափը: Դուք գիտեք, որ Բուդաբեշտի ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքների համաձայն, Ղարաբաղը համարվում է բանակցային գործընթացի լիիրավ անդամ: Եվ այսօր բանակցություններ են ընթանում առանց Ղարաբաղի մասնակցության, և դրանք չեն կարող լուրջ արդյունքների բերել: Այս առնչությամբ ևս մենք որոշակի աշխատանքներ ենք տանում և հույս ունենք, որ միջազգային հանրությունը և որոշակի լիազորություններով օժտված միջազգային կազմակերպությունները կհասկանան բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Ինչի արդյունքում մենք կարող ենք արդեն որոշակի արդյունքներ ակնկալել բանակցային գործընթացից»,- նշել է ԼՂՀ նախագահը:

Միաժամանակ նա ընդգծել է այն փաստը, որ փոխզիջումների հարցում Ադրբեջանի և Ղարաբաղի դիրքորոշումներում տարբերություններ կան. «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարբերաբար կամ գրեթե ամեն օր հանդես է գալիս Ղարաբաղի հասցեին հնչող սպառնալիքներով: Եվ, բնականաբար, նման պահվածքը, նման քաղաքականությունը չի կարող նպաստել ոչ բանակցային գործընթացին, ոչ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ իսկ պատճառով, նման պայմաններում փոխզիջումների մասին խոսել անգամ չենք կարող»:
Tekali Taxi