Home / Հայաստան / Համաներումը շատ ուշացած քայլ էր, կարծում է Աշոտ Բլեյանը

Համաներումը շատ ուշացած քայլ էր, կարծում է Աշոտ Բլեյանը

Ի հեճուկս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ում կարծիքով` համաներումը «ճիշտ ժամանակին» արված քայլ էր, Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ նախագահի հայտարարած համաներումը նույնիսկ «շատ ուշացած» քայլ էր, գրում է «Առավոտ» օրաթերթը:

«Ամեն դեպքում, «Առավոտի» հետ զրույցում Բլեյանը երեկ «լավ» համարեց, որ այդ քայլը վերջապես արվեց, ու հավելեց. «Դա արդեն արդյունք է: Անարդարությունը, անազատությունը Հայաստանում մի փոքր պակասեց, և դա չի կարող հասարակության վրա ազդեցություն չգործել: Ակնհայտ ապօրինի դատապարտված մարդիկ ազատության մեջ կլինեն, մեզ հետ, իրենց ընտանիքների հետ»:

Բլեյանի համար մի բան պարզ է, կամ ավելի շուտ նա ուզում է հավատալ, որ այսուհետ բռնությունները, մարդու հիմնարար իրավունքների, ազատությունների ոտնահարումը, արհամարհումը այլևս անցյալ են: Հենց սրա շուրջ է, որ, ըստ մեր զրուցակցի, պետք է պայմանավորվածության գալ, որպեսզի հնարավոր լինի խնդիրներ դնել ու լուծել. «Դա չի նշանակում հրաժարվել խնդիրներից: Լուծման մեթոդն է փոխվում, որը քաղաքական իշխանությունը և ընդդիմությունն իրենց օրինակով կպարտադրեն հասարակությանը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Ինձ համար ամենակարևորն այն է, որ այս անպատասխանատու, անմեղսունակ վիճակը հասարակությունն ու անհատը, հասարակությունն` իր բոլոր ինստիտուտներով, կհաղթահարի: Կհաղթահարվի այս անապագա ներկան»»:

Tekali Taxi