Home / Հայաստան / «Հիվանդը դու ես». «բացահայտումներ» և սկանդալ ասուլիսի ժամանակ

«Հիվանդը դու ես». «բացահայտումներ» և սկանդալ ասուլիսի ժամանակ

Նոտարիատի բաժինը չի լուծարվել, նախարարությունում նոր բաժին է ձևավորվել, որը կոչվում է Նոտարիատի և զագսերի վերահսկողության բաժին: Կառավարության որոշման մեջ գրված է, որ վերակազմակերպվել է նոտարիատի գործունեությունը:

Այս մասին ասել է ՀՀ նոտարիատի վերահսկողության բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը: Նշենք, որ վերջին օրերին Գաբոյանը մի քանի հարցազրույցներում դժգոհություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` նոտարիատի բաժինը վերաձևավորելու կապակցությամբ, իսկ այսօր ասուլիս է հրավիրել իր կարծիքը հանրությանը ներկայացնելու համար:

«Ինչ վերաբերում է ինձ, ես որպես ռեզերվ ուղարկված անձ եմ, ինձ աշխատանքից չեն հեռացրել: Ես չեմ վիճարկում աշխատակազմի այս որոշումը, միտք չունեմ վիճարկելու: Կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը կադրային այս փոփոխությունները իրականացրել է օրենքի խախտմամբ»,- հայտարարել է նա և լրագրողներին խորհուրդ տվել ինքնուրույն պարզել այդ խախտումը:

«Ես կարծում եմ, որ սա ուղղորդված գործողություն է իմ անձի դեմ, բայց դեռևս չեմ կարողանում պարզել սրա արմատները», – հավելել է Գաբոյանը:

Ի դեպ, նշենք, որ ողջ ասուլիսի ժամանակ Գաբոյանը ակնհայտ նյարդային վիճակում էր, քանի որ ասուլիսին ներկա էին նոտարիատներից տուժած անձիք, որոնցից մի երիտասրադ ասուլիսը ընդհատեց և բղավեց.

«Դուք հանցագործ եք, դուք խաբում եք մարդկանց»:

«Ինչ ասեմ, հիվանդ մարդ է», – պատասխանել է Գաբոյանը:

«Հիվանդը դու ես», – հայտարարել է երիտասարդը:

Ասուլիսի ընթացքում նա մի քանի անգամ կրկնել է, որ նոտար չէ, կնիք չի ունեցել, գործարք չի արել:

«Ես նոտար չեմ, հետևաբար որևէ քաղաքացի չի կարող ինձ մոտենալ և ինձ խնդրել գործարք կատարել: Ես նոտարների վերահսկող եմ: Ինչ վերաբերում է էդ Պզո է, Պզե է, չգիտեմ, ես ոչ մի բան չգիտեմ: Ասում են՝ Դաշնային բյուրոն գա, նոտարները ստուգի, ինչ պետք ա ստուգեն դաշնային բյուրոյի անդամները նոտարական գրասենյակում՝ պիտի ստուգեին, թե էդ Պզե կոչեցյալը գույք առել է, թե չէ, գործարք արել է, թե ոչ: Բայց ոչ ոք չի եկել, ոչինչ չի ստուգել: Ինչ կապ ունի Գաբոյանը էդ Պզոյի հետ»:

Այս դեպքում Գաբոյանը, հավանաբար, նկատի է ունեցել անցյալ տարվա աշնանը ԱՄՆ-ում ձերբակալված Արմեն Ղազարյանին (մականունը՝ Պզո), ում ԱՄՆ դատախազությունը մեղադրել էր 163 միլիոն դոլարի կեղծ ապահովագրական գործարքներ կատարելու մեջ: Անցյալ տարի հայկական մամուլում լուրեր էին տարածվել, որ  Դաշնային հետախուզական բյուրոյի (FBI) ներկայացուցիչները պետք է ժամանեն Հայաստան և ստուգեն Արմեն Ղազարյանի կողմից Հայաստանում կնքված գործարքները:

Ասուլիսի ընթացքում Գաբոյանը նաև հայտարարել է, որ հայաստանյան շատ պաշտոնյաներ, «փողատերեր, նոտարական գործարքներ կատարելիս, հակում չունեն պետական վճարումներ կատարել»: Երբ լրագրողները հետաքրքրվել են, թե ովքեր են այդ մարդիկ, Գաբոյանն ասել է.

«Ես անուններ չեմ տա, ես ասում եմ նոտարների կարծիքը, համարեք սա անհիմն հայտարարություն»:

Բանախոսը նաև պատմել է, որ ինքը փորձել է մտնել Թովմասյանի մոտ, բայց վերջինս չի ընդունել իրեն:

«Ես ունեցել եմ ութ նախարար: Ես մի բան եմ ցանկանում, որ էս բարեփոխումների արդյունքը դուք ու ձեր հարազատները ձեր կաշվի վրա զգաք: Ոչ մի կամայականություն չկա, ինչ սակագին որ գրված է, նման չափ է գանձվել, որևէ նման բան չի եղել», – նոտարների նկատմամբ հնչող մեղադրանքներին պատասխանել է Գաբոյանը:

Tekali Taxi