Home / Հայաստան / ՀՔԾ-ն ուսումնասիրում է մարտի 1-ի Youtube-յան հոլովակը

ՀՔԾ-ն ուսումնասիրում է մարտի 1-ի Youtube-յան հոլովակը

Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խումբն այժմ հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը:

Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ մայիսի 23-ին Youtube տեսանյութերի կայքում բեռնվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները պատկերող մի կադր, որը տեղադրել է martimek2008 օգտատերը՝ տեսանյութը վերնագրելով «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին…»: Տեսանյութը տևում է 41 վայրկյան, նկարահանված է շենքի բարձր հարկերից կամ տանիքից: Կադրում երևում է ջրցան մեքենա, իրեր նետող և կրակ արձակող մարդիկ:

Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք քննչական խումբը պարզե՞լ է, թե ովքեր են կրակում ցուցարարների վրա, ինչ զենքերից, և արդյոք այդկրակոցներից մարդիկ սպանվե՞լ են, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասել է, թե տեսաերիզը այժմ հետազոտվում է, և հնարավորինս սեղմ ժամկետներում ստացված արդյունքները կներկայացնեն հանրությանը:

Այն հարցին` չի՞ ուսումնասիրել արդյոք քննչական խումբը այդ կադրերը անցած երեք տարիների ընթացքում, Վահագն Հարությունյանը պատասխանել է, թե այդ դրվագը նախաքննական մարմինը իր տրամադրության տակ չի ունեցել:

Ինչպես նշում է «Ազատությունը», ասուլիսում Վահագն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրավապահ մարմիններին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո քննչական խումբը հարցաքննել է 50-ից ավելի մարդու, սակայն այդ հարցաքննությունները նույնպես բացահայտմանն ուղղված որևէ դրական արդյունք դեռևս չեն տվել, նոր փաստեր այդ վկաների ցուցմունքներով ի հայտ չեն եկել: Նրա խոսքով` Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված առաջընթաց չկա:

«Չկա առաջընթաց, բայց ակնկալում ենք` հույս ունենալով, որ գոնե որևէ մեկը ինչ-որ առարկայականհանգամանք կարող է վկայակոչել: Այդ կապակցությամբ նախատեսված է կատարել 600-ից ավելի հարցաքննություններ` հանցագործության դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ ստանալու ակնկալիքով», – ասել է Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու հարցը այսօրվա դրությամբ դեռևս որոշված չէ:

Tekali Taxi