«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Հանցագործությունը բացահայտել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները: Պեկ-ից մեր թղթակցին պարզաբանել են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, իսկ Կիրակոսյանը կալանավորվել է մայիսի 12-ին: Արմավիրի «արծիվը» մեղադրվում է սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու մեջ, որը նրան ուղարկվել է ծանրոցով՝ Ֆրանսիայից: Հատուկ Սերժ Սարգսյանին սատարելու նպատակով ստեղծված «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը, հիմնադրվել է 2010 թվականի հունվարին: Մեզ հետ զրույցում Ասրյանն ասաց, որ Կիրակոսյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ. «Հա, ինչ-որ իրանց ընտանեկան վեճերի պահերով: Ես այդքանը գիտեմ: Երկու ամիս նախնական կալանք է: Հորաքրոջ տղու հետ անձնական վեճերի հետ կապված է եղել»: Ինչ վերաբերում է մաքսանենգությանը և թմրամիջոցներին, ապա Ասրյանը ասաց, որ չի հավատում, որ Կիրակոսյանը նման բան արած լինի: «Չեմ կարծում, որ այդպիսի բան լինի և ես տեղյակ չլինեմ, անձամբ ես բացառում եմ, որ դրա հետ կապված լինի, – ասաց նա և ավելացրեց. – Մենք սպասում ենք նախաքննությանը: Եթե նախաքննությունը ցույց տա, որ ինքը ինչ-որ հարցում մեղավոր է, իրա պատասխանատուի պաշտոնից միանշանակ հեռացվելու է և այստեղ նոր պատասխանատու է նշանակվելու: Բայց կարող է նախաքննությունը ցույց տա, որ ինքը կապ չունի»»: