Home / Հայաստան / 91 կողմ, 1 ձեռնպահ. Համաներումն ընդունվեց

91 կողմ, 1 ձեռնպահ. Համաներումն ընդունվեց

Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին:

Համաներումը մասնավորապես կկիրառվի 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Արա Հովհաննիսյանի և, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Նշված անձանց ազատ արձակումը մինչև մայիսի 31-ին հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ընդդիմության առաջնային պահանջներից էր:

Համաներման որոշումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ խորհրդարանում ասել էր, որ համաներման արդյունքում «պատժից ամբողջությամբ կազատվեն 400 մարդ, և այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք ևս կկազմեն մոտ 400 հոգի»:

Tekali Taxi