Home / Հայաստան / «Սրանք էնքան դոդ են…». ՀԱԿ-ի ղեկավարները խոսեցին Սարյանի պուրակում

«Սրանք էնքան դոդ են…». ՀԱԿ-ի ղեկավարները խոսեցին Սարյանի պուրակում

Մայիսի 29-ի երեկոյան Սարյանի պուրակ է այցելել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով երկու օր առաջ է դուրս եկել «Արթիկ» ՔԿՀ-ից:

Սարյանի պուրակում ավանդական քաղաքական զբոսանքների մասնակիցները Փաշինյանին դիմավորել են «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով և այցելության առիթով շամպայն են բացել, երկինք բաց թողել աղավնիներ:

Նիկոլ Փաշինյանից բացի, ով իր ելույթում ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների հաղթանակն ուղղակի այլընտրանք չունի, Սարյանի պուրակում ելույթ են ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Զոյա Թադևոսյանը, Վարդան Գրիգորյանը, Միքայել Հայրապետյանը և մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ 150 անգամ իրենք տոն են նշել, և «ամեն անգամ տոն է  ցանկացած տղայի դուրս գալը»:

«Սրանք էնքան դոդ են, սրանք էնքան ռոբ են, որ չհասկացան մեր հերոսներին ջարդել չի լինի, փորձեցին մի պայքարի ամբողջ ժողովուրդ կոտրել: Սրանք ոչ պատմություն գիտեն, ոչ իրականություն, ոչ հոգեբանություն, չեն կարող իմանալ: Սրանք գիրք կարդացած չկան, սրանք չգիտեն հայ ժողովուրդը ինչ է, հայ ժողովրդի պայքարն ինչ է:  Եվ կոպիտ սխալվեցին», – ասել է Մանուկյանը:

Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ քաղբանտարկյալներն ազատության մեջ են հայտնվել ժողովրդի պայքարի շնորհիվ:

«Բայց ծիծաղելի կլինի,  եթե ամբողջ գործը, մեր ամբողջ շարժումը ավարտվի միմիայն մեր ընկերներին, մեր տղաներին ազատելով: Առանց մեր ընկերներին բանտերից ազատելու  ՀԱԿ-ը, մեր ժողովուրդը, մեր շարժումը չէր կարող առաջ շարժվել, դրա համար էլ կանգնել, երկու ոտներս դրել էինք մի մաշիկի մեջ ու պահանջում էինք մեր տղաների ազատումը և, փառք Աստծո, որ դա իրականություն է դառնում»,- նշել է Ջհանգիրյանը: Նա նաև նշել է, որ իրենց Շարժումը հասնում է իր  նպատակներին  երկրի համար շատ նպաստավոր, անցնցում եղանակով և  դա իրենցից պահանջում է  ուժերի գերլարում և  առավել համախմբվածություն:

ՀԱԿ համակարգող  Լևոն Զուրաբյանը հավաքվածներին պատմել է իր, Փաշինյանի և մի խումբ մարդկանց զրույցի մասին, որը տեղի է ունեցել 2006 թվականին:

«Նիկոլն ասաց՝  «բայց դուք հասկանո՞ւմ եք դա ինչ է  նշանակում, դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի զրկանքների: Դա նշանակում է բանտ, ազատազրկում, զրկանքներ մեր ընտանիքների համար»:

Ճիշտն ասած, լինելով դիվանագետ, ես մտքումս հարց տվեցի՝ մի րոպե, Նիկոլ, հիմա, որ էդ հարցը դնում ես, առաջինը դու՝ պատրա՞ստ ես դա անելու:

Այդ հարցը չտվեցի,այդ հարցի պատասխանը Նիկոլը տվեց այս երեք տարվա ընթացքում: Նիկոլը ցույց տվեց, որ ազատության, արդարության, այս ավազակապետներից այս երկրիը ազատելու համար ինքը պատրաստ է ամեն ինչի»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա ներկաներին նաև տեղեկացրել է, որ մայիսի 31-ի հանրահավաքը վարելու է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi