Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստը պատմել է` ինչպես է գողական «քաղբանտարկյալը» նվաստացրել քաղբանտարկյալներին

ՀԱԿ ակտիվիստը պատմել է` ինչպես է գողական «քաղբանտարկյալը» նվաստացրել քաղբանտարկյալներին

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ակտիվիստ Վարդգես Գասպարին Facebook-ի իր էջում Կոնգրեսի երեկվա հանրահավաքին իր պահվածքի վերաբերյալ գրառում է թողել:

Երեկ Գասպարին պահանջել էր Ազատության հրապարակի հարթակից հեռացնել ազատ արձակված քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին` նրան անվանելով հանցագործ: Երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ Գասպարիին և խոսեց նրա հետ, վերջինս այլևս որևէ բացատրություն չտվեց` հարցնողներին առաջարկելով պատասխանի համար դիմել Փաշինյանին:

«Երբ «Հովհաննիսյան հանցագործ» գոռալով քայլում, մոտենում էի հրապարակի կենտրոնը, ինձ փորձեցին կանգնեցնել մի քանի մերձավոր ընկերներ (բնական է` ոչ մերձավորները չէին էլ հանդգնի դա անել): Նրանք ցանկանում էին` ամեն ինչ լավ անցնի. նույնիսկ դրանից հետո, երբ  ինձանից իմացան` ով է «քաղբանտարկյալ» Արա Հովհանիսյանը, այնուամենայնիվ, ասում էին` հա, բայց դրա տեղը սա չէր:

Ի դեպ 2008 թվից, որ ՀԱԿ-ին (էն ժամանակվա Համաժողովրդական Շարժման) պատասխանատուներին մանրամասն նկարագրելով տեղեկացրել էի, որ Արա Հովհաննիսյանը, լինելով գողական բերդի տեղական ներկայացուցիչ, ինչ ստոր դերակատարություն ունի այլոց, այդ թվում` քաղբանտարկյալներին նվաստացնելու, ոչնչացնելու գործում, ՀԱԿ պատասխանատուները նշում էին, որ էդ խնդրի կարգավորման ժամանակը հիմա չի», – գրել է Գասպարին:

Իր գրառումը շարունակելով` ՀԱԿ ակտիվիստը նշում է.

«Եվ ես անում եմ մեկ հետևություն, որ մենք ամեն ինչը ուզում ենք լինի անթերի, Շարժումը, ՀԱԿ-ը լինի անարատ, անթերի, բայց անարատ և անթերի ձևացնելով` այդպիսին չենք դառնում: Հաճախ հիշում եմ, որ ասվում է «քաղբանտարկյալներից ոչ մեկը չկոտրվեց». սուտ է, մոտ մեկ տասնյակ ներում գրածները թերևս տեսանելի, բայց փոքր կորուստներն էին… չի խոսվում նրանց մասին, ովքեր կալանավայրերի մսաղացում ենթարկվեցին քրեական հանցախմբերի դաժան բռնություններին, նույնիսկ ինքնությունը կորցրած, կիսախելագար դարձածների մասին»:

Այսօր ավելի ուշ արված գրառման մեջ Գասպարին հիշում է կալանավայրում անցկացրած օրերը. «Այդ ժամանակ խուցը նայողն էր ոմն Արայիկ Հովհաննիսյանը` նարկաման, գող-ավազակ, բառացիորեն փալաս էակ /ի դեպ, ընդգրկված քաղբանտարկյալների ցուցակում/, որը ավելի ճղճիմ և անմարդկային էակ էր, քան իմ տեսած այլ խուց նայողները: Կալանավորին նվաստացնելիս սահման չեր ճանաչում: Վերջերս անցել էր ամենաստոր տարբերակին, մի կալանավոր տղամարդու արժանապատվությունը նվաստացնելու տարբերակին: Այսպիսի իրավիճակում նրա համար ամենամեծ պրոբլեմը ես էի, որի պատճառով էլ հաճախակի էր դարձել մեր ընդհարումը»:

Tekali Taxi