Home / Հայաստան / Հաղորդագրություն չընդունեցին. Գասպարիին հարկադրաբար դուրս են հանել ոստիկանությունից

Հաղորդագրություն չընդունեցին. Գասպարիին հարկադրաբար դուրս են հանել ոստիկանությունից

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարիին այսօր կեսօրին բերման են ենթարկել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին: Միջադեպը, որի պատճառով Գասպարիին տարել բաժին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմեց Վարդգես Գասպարին, ինքը կանգնած է եղել կառավարության շենքի մոտ, երբ ոստիկանները ցանկանցել են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համար ավելի լայն ճանապարհ բացել և սկսել են հրել տարբեր բողոքի ակցիաներ իրականացնող մարդկանց: Գասպարիին նույնպես հրել են, որից հետո նա բացականչել է՝ «Ձեռքդ հեռու, խուլիգան»: Ոստիկանները կարգադրություն են ստացել Գասպարիին տանել բաժին:

Գասպարիի խոսքով՝ ոստիկանության շենքում ինքը ոչ մի հարցի չի պատասխանել, որից հետո նրան ասել են, որ կարող է գնալ: Վերջինս հրաժարվել է դուրս գալ շենքից՝ նշելով, որ իրեն ապօրինաբար ազատությունից զրկել են և պահանջելով իրենից այդ մասին հաղորդագրություն ընդունել:

«Ոստիկանները հրաժարվեցին դա անել, որից հետո հարկադրանքի կիրառմամբ, ձեռքերիցս և ոտքերիցս բռնած ինձ դուրս հանեցին ոստիկանությունից: Ես պատրաստ էի գնալ նախագահականի մոտ  և, որպես ինձ ազատությունից զրկելու և հաղորդագրություն չընդունելու համարժեք պատասխան, բողոքի ակցիա անել, սակայն այլ կարևոր ժամադրություն ունենալու պատճառով այս անգամ չկարողացա դա իրականացնել», – պատմել է Վարդգես Գասպարիին:

Tekali Taxi