Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին «ծանր փաստաթուղթ է» սպասում. Շահնազարյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին «ծանր փաստաթուղթ է» սպասում. Շահնազարյան

Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի դովիլյան հայտարարությունը հետևանքն է այն աննախադեպ գլոբալ համագործակցության, որը ծավալվել է վերջերս Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Ես չեմ հիշում նման սերտ, լայնածավալ համագործակցություն: Սա ուղղված է արաբական աշխարհի կնճիռները հարթելուն, իսրայելական հակամարտությունը հաղթահարելուն: ԼՂ կարգավորման ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել, որ համանախագահող երկրների դիրքորոշումներն այսքան սերտ լինեն և գործողություններն այսքան համաձայնեցված», – ասել է բանախոսը:

Անդրադառնալով փաստաթղթի բուն էությանը՝ Շահնազարյանն ընդգծել է, որ այն էապես և որակապես տարբերվում է նույն ձևաչափով արված համանախագահ երկրների առաջնորդների նախորդ հայտարարություններից:

«Դա, ըստ էության, պահանջ է ներկայացված Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին:  Ասված է, որ արդեն ժամկետներն ավարտվել են և պետք է համաձայնվել, և ուղղակիորեն նշված է այն փաստաթուղթը, որի շուրջ պետք է համաձայնեցվեն գործընթացները: Հայտարարությունից բխում է, որ կողմերը խուսանավելու տեղ չունեն, և, ես կարծում եմ, եռանախագահողները վստահ են, որ խնդիր չեն ունենալու Սարգսյանի հետ, բայց դեռ վստահ չեն, որ խնդիր չեն ունենա Ալիևի հետ: Եթե ոչ Կազանում, ապա հաջորդ հանդիպման ժամանակ լուրջ փաստաթուղթ առաջ կքաշվի», – նշել է Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը չի լինելու ոչ ադրբեջանամետ, ոչ էլ հայամետ, երկու կողմերի համար էլ լինելու է ծանր փաստաթուղթ:

Բանախոսը չի բացառել, որ ստեղծված պայմաններում մոտ ապագայում եռանախագահող երկրները կկարողանան համաձայնության գալ նաև խաղաղապահ ուժերի կազմի, մանդատի, դրանց տեղակայման շուրջ:

«Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանություննները հայտնվել են բարդ կացության մեջ, ստիպված են գնալ լուրջ պատասխանատու քայլերի, իսկ Հայաստանում առկա է խոր ճգնաժամ, և այս պայմաններում գնալ նման քայլերի, կարծում եմ, առնվազն կլինի քյալլագյոզություն (արկածախնդրության բառի հոմանիշը): Միակ ելքը դա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որին այլընտրանք գոյություն չունի, կարծում եմ` իշխանությունները դա հասկանում են: Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան շատ մոտ ապագայում», – ասել է Շահնազարյանը:

Tekali Taxi