Home / Հայաստան / Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ ևս համաներում կիրառվեց

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ ևս համաներում կիրառվեց

Հունիսի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանում կայացել է  Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Երիտասարդները պահանջում էին, որպեսզի իրենց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի, սակայն դատավոր  Գրիշա  Մելիք-Սարգսյանը մերժել է բողոքի պահանջը և, նույնը թողնելով Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, երիտասարդների նկատմամբ կիրառել է համաներում:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռել էր երիտասարդների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել էր 2 տարվա փորձաշրջան:

Հիշեցնենք, որ 2010 թ. մայիսի 31-ին Գևորգյանին ու Քիրամիջյանին և ևս 15 հոգու, այդ թվում` երեք լրագրողի, ոստիկանները բերման էին ենթարկել, երբ վերջիններ փորձել են մտնել Ազատության հրապարակ: Բերման ենթարկվելուց հետո Դավիթ Քիրամիջյանը մեկ ամիս է մնացել անազատության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը` 3 օր: Քիրամիջյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), Գևորգյանի նկատմամբ` 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կամ դա գործադրելու սպառնալիքը):

Հիշեցնենք նաև, որ երիտասարդներն իրենց ցուցմուքներում ևս նշել էին, որ այդ օրը ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:

«Մեր նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում, և մենք չէ, որ պետք է համաներվենք», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Սարգիս Գևորգյանը:

Tekali Taxi