Home / Հայաստան / Յովանովիչը տխուր է հեռանալ Հայաստանից «պատմական պահին»

Յովանովիչը տխուր է հեռանալ Հայաստանից «պատմական պահին»

Հայաստանում վերջին երեք տարիներին ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մարի Յովանովիչը մի կողմից ուրախ է վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից՝ տխուր է հեռանալ Հայաստանի նման գեղեցիկ երկրից «այս պատմական պահին»: Այս մասին ասված է Մարի Յովանովիչի այսօր տարածած հրաժեշտի նամակում, որը ուղղված է հայաստանյան հանրությանը:

«Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ես ականատեսն եմ եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը», – գրում է դեսպանը:

Նա նշում է, որ ԱՄՆ կառավարության ծրագրերը Հայաստանում օժանդակել են երկրի կայուն զարգացմանը` մրցունակությունը բարձրացնելու, հաստատությունները ամրապնդելու, սոցիալ-առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ իրավասություններով օժտելու ճանապարհով:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը գովելի առաջընթաց է գրանցել մարդկանց թրաֆիկինգ հանցագործության դեմ պայքարում: Հայաստանը ի ցույց է դրել, որ հավատարիմ է գլոբալ անվտանգության ապահովման իր հանձնառությանը` հայկական զորախմբեր ուղարկելով Աֆղանստան և ուժեղացնելով Հայաստանի արտահանման վերահսկողության ռեժիմը: Թուլացել են հանրահավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները: 2008թ. մարտի 1-ի հետընտրական դեպքերին առնչվող գործողությունների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ կիրառվել է համաներում, կամ նրանք վաղաժամկետ ազատ են արձակվել: Այնուամենայնիվ, առջևում դեռ շատ մարտահրավերներ կան և Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել Հայաստանին իր առավելագույն ներուժին հասնելու հարցում: Միացյալ Նահանգները վճռականորեն պատրաստ են օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք օժանդակել հայ-թուրքական հաշտեցմանը թե´ այստեղ, թե´ Անկարայում: Նորություն չի լինի թերևս այն, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցել ժողովրդավարության կայացմանը, որը Ամերիկայի հիմնադիր սկզբունքն է և հիմնարար գործոն է Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման համար: Մենք աշխատում ենք կառավարության և տեղական գործընկերների հետ օգնելու Հայաստանում ժողովրդավարության կայացմանը` օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման ճանապարհով: Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար: Իրենց ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար քայլեր պետք է ձեռնարկեն հենց հայաստանցիները, իսկ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանի ժողովրդին այս պահը հանուն առաջընթացի օգտագործելու հարցում», – ասված է Մարի Յովանովիչի նամակում:

Դեսպանը բնական է համարում, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը չեն կարող համակարծիք լինել բոլոր հարցերում:

«Սակայն ժողովրդավարության, բարեկեցության և խաղաղության մեր ընդհանուր համոզմունքը ուղենիշ կծառայի մեր հետագա համագործակցության համար: Ես հեռանում եմ Հայաստանից վստահ լինելով, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ, և մենք միասին կգտնենք նոր ուղիներ կերտելու ապագա, որ շահավետ կլինի բոլորիս», – եզրափակում է Յովանովիչը:

Tekali Taxi