Home / Հայաստան / Վրացական պատրիարքությունը դեմ չէ, որ հայկական համայնքը կարգավիճակ ստանա

Վրացական պատրիարքությունը դեմ չէ, որ հայկական համայնքը կարգավիճակ ստանա

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 10-15-ին Վրաստան կատարելիք իր այցի ընթացքում կհանդիպի Ամենայն Վրացյո կաթողիկոս, պատրիարք Իլիա 2-րդի հետ: Այս մասին «ՊիրՎելի» գործակալությանը հայտնել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդիի և Ցաիշիի թեմի առաջնորդ Գերասիմը:

Այցի շրջանակներում քննարկվելու են վրացական և հայկական եկեղեցիների հարաբերությունները: Գարեգին Բ-ն կայցելի նաև Ջավախք և կհանդիպի տեղի հայերի հետ:

Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկա հանդիպան ընթացքում վրացական և հայկական կողմերը քննարկելու են վիճելի եկեղեցիների խնդիրները, ինչպես նաև Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տրամադրելու հարցը:

«Այս փուլում վիճելի եկեղեցիների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Պատվիրակության ժամանումից հետո, երբ սկսվեն բանակցությունները, պարզ կդառնա նաև քննարկվող հարցերի բնույթը: Ինչ վերաբերում է որոշակի իրավաբանական կարգավիճակին, դա պետության լիազորությունների մեջ է մտնում: Իր հերթին, վրացական պատրիարքությունը դեմ չէ, որպեսզի թե հայկական, թե կաթոլիկ և թե հուդայական համայնքները կարգավիճակ ստանան»,-հայտարարել է միտրոպոլիտ Գերասիմը:

Tekali Taxi