Home / Հայաստան / Իսրայելը Հայոց Ցեղասպանության հարցը դեռ երկար կքննարկի. փորձագետ

Իսրայելը Հայոց Ցեղասպանության հարցը դեռ երկար կքննարկի. փորձագետ

Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, Հայոց Ցեղասպանության հարցի արծարծումը հաղթաթուղթ է Իսրայելի ձեռքին`Թուրքիայի դեմ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Նորավանք»գիտակրթական հիմնադրամի փորձագետ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Կնեսետն իր Կրթության և գիտության հանձնաժողով քննարկման համար ուղարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Փորձագետի խոսքով` Ցեղասպանության հարցի քննարկման երկար տարիների տաբուն Իսրայելում այժմ հանվել է:

«Իմ կարծիքով` թերևս սա կձգձգվի, կարող է  հանձնաժողովը եզրակացության գա և ասի, որ այս խնդիրը չի համապատասխանում այդ հանձնաժողովի քննարկումներին, ստեղծեք մի նոր հանձնաժողով, որը հնարավորություն կտա հարցն ավելի բանիմաց կերպով առաջ տանել: Այդ հարցը  դեռ երկար կքննարկեն, և դեռ ոչ մի արդյունքների սպասել չի կարելի: Չնայած սա մեկ քայլ առաջ եմ համարում` համեմատած 2007-2008 թվականների հետ»,- նշել է փորձագետը:

Լրագրողի այն հարցին, թե եթե ՄիացյալՆահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դա ի՞նչ ազդեցություն կթողնի Իսրայելի վրա, Սիմավորյանը նշել է.

«Հրեաները ասում էին, որ գոնե ամերիկացիներն ընդունեն Հայոց ցեսապանությունը, հետո մենք ընդունեինք, քանի որ Ամերիկայի կշիռն ավելի մեծ է այդ հարցում: Ես կարծում եմ, որ եթե Ցեղասպանությունն ընդունվի թեկուզ Իսրայելի կողմից, հետո մենք (նկատի ունի Հայաստանը- խմբ.) ի՞նչ պիտի անենք, մենք որևէ ռազմավարություն պետք է ունենանք: Չեմ կարծում, որ  Իսրայելը համապատասխանեցնում է իր քաղաքականությունը Ամերիկայի հետ այս պահին, քանի որ Ամերիկան վերջերս բավական բացասաբար է վերաբերվում Իսրայելին»,- հավելել է փորձագետը:

Tekali Taxi