Home / Հայաստան / Խմբագիրը պատգամավորի մասին նոր մանրամասներ է պարզել. Սպասում են դատական վճռին

Խմբագիրը պատգամավորի մասին նոր մանրամասներ է պարզել. Սպասում են դատական վճռին

Վաղը` հունիսի 8-ին, վճռվելու է պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Տիգրան Արզաքանցյանը դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի` նշելով, վերջինս արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` «Երկիրի» հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» շարքում տպագրված իր մասին հոդվածով: Ըստ ներկայացված հայցադիմումի` հայցվոր կողմը պահանջում է 3 միլիոն 568 հազար դրամ վնասի փոխհատուցում, որից 568 հազարը դատական գործընթացի ծախսերն են:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը օրաթերթի փաստաբան Լիանա Գրիգորյանը հույս է հայտնել, որ վճիռը արդար կլինի` օրաթերթի օգտին:

«Երկիրի» գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանի խոսքով` եթե հայցը բավարարվի թեկուզ մեկ լումայի չափով, իրենք շարունակելու են դատական գործընթացը, և եթե հայաստանյան դատական ատյանները սպառվեն, գնալու են եվրոպական դատարան:

«Մենք բոլոր փաստարկները բերել ենք, որ Արզաքանցյանը ծեծ ուտելու սովորություն ունի, գեղեցկուհիներ է տանում-բերում, նա Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի կազինո այցելել է երեսուն երեք անգամ և ունի պլատինե քարտ և այլն»,- ասել է Լիանա Գրիգորյանը:

Բագրատ Եսայանն էլ հավելել է, որ դատական գործընթացի ընթացքում բազմաթիվ նորանոն օրինախախտումների դեպքեր են ի հայտ եկել:

«Պարզվել է, որ նա Ֆրանսիայում էլ է երթևեկության խախտումներ թույլ տվել, պարզվել են նրան պատկանող ունեցվածքների դեպքեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում: Մենք այս դատական պրոցեսի ընթացքում հետաքրքրված հայացքով ենք նայել Տիգրան Արզաքանցյանին: Ես վստահ եմ, որ եթե շատ-շատերը իմանային, թե ինչ մարդկային նկարագիր ունի Տիգրան Արզաքանցյանը, ոչ միայն նա ձայներ չէր ստանա ընտրությունների ժամանակ, այլ նաև այն կուսակցությունը, որը նա ներկայացնում է»,- ասել է գլխավոր խմբագիրը:

Եսայանը վստահ է, որ դատական գործընթացն ուղղորդված է իշխանական որոշակի խմբի կողմից, որը փորձում են լռեցնել «Երկիր» օրաթերթը:

«Մինչ այսօր մենք ունեցել ենք հրապարակումներ 122 պատգամավորների մասին, շատ ավելի սուր հրապարակումներ, բայց դատական հայցեր չեն եղել», – ասել է նա:

Եսայանի խոսքով` Արզաքանցյանը դատական նիստերից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ է արել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը.

«ՀՅԴ-ն «Երկիր» օրաթերթի հետ կապ ունի այնքանով, որ գլխավոր խմբագիրը դաշնակցական է, բայց նա իրեն թույլ է տալիս վիրավորել մի ամբողջ կուսակցությանը»:

Մեկնաբանելով Արզաքանցյանի` «Երկիր»-ի անձնակազմի հասցեինք արած հայտարարությունը, թե իրենք «գործիք են մեկ-երկու անձանց ձեռքին», Եսայանն ասել է. «Բոլորիս էլ պարզ է, թե ով է գործիք ինչ-որ մարդկանց ձեռքին, և կարծում եմ` այս արտահայտության համար էլ Արզաքանցյանը կստանա պատասխանը` ավելին, քան սպասում է»:

Tekali Taxi