Home / Հայաստան / ՀՀ դատախազությունը հաստատել է մանկապիղծ գործարարի մեղադրականը

ՀՀ դատախազությունը հաստատել է մանկապիղծ գործարարի մեղադրականը

ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի» նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մեղադրական եզրակացությունը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր անչափահասների նկատմամբ սեռական ոնտձգություններ կատարելու մեջ:

Համաձայն ՀՀ դատախազության, «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից ընտրել է առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող բարետես արտաքինով տղաների»: Մինչ ընտրություն կատարելը նա անչափահասների համար հանգիստ է կազմակերպել սկաուտական ճամբարներում և արշավներում, հանդիպումներ է անցկացրել դպրոցներում և սպորտային խմբակներում, որի ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ: ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրված անչափահասներին Տեր-Պողոսյանն առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար նրանց անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ:

«Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով: Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով), վերաորակվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով): Քրեական գործն ուղարկվել  է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար», – նշված է հաղորդագրության մեջ:

Tekali Taxi