Home / Հայաստան / Պաշտոնական Բաքուն համաձայն չէ Եվրահանձնաժողովի հետ

Պաշտոնական Բաքուն համաձայն չէ Եվրահանձնաժողովի հետ

Ադրբեջանի կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեն ոչ օբյեկտիվ է համարում հանրապետությունում կրոնական իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցի որոշ եզրակացություններ:

«Վերլուծության մեջ նշվում է, թե իբր որոշ կրոնական միավորումների նկատմամբ խտրականություն է կիրառվում, նրանք ճնշման են ենթարկվում իրավապահ մարմինների կողմից: Միանշանակ հայտարարում ենք, որ մեր երկրում կրոնական ոլորտում ոչ մի խտրականության դրսևորում գոյություն չունի»,- ասված է հինգշաբթի կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նմանապես անհիմն է համարում նաև այն պնդումը, որ իշխանություններն օգտագործում են կրոնական կազմակերպությունների գրանցման գործընթացը որոշ անցանկալի համայնքների դեմ: Այս առնչությամբ, կոմիտեն հայտնում է, որ 2009 թվականի սկզբից վերագրանցման գործընթացի մերժում են ստացել 30 կրոնական կազմակերպություններ, և այդ որոշումը բացառապես իրականացվել է օրենսդրության համաձայն:

Միաժամանակ, մատնանշված թերությունների վերացման դեպքում համայնքները կրկին կարող են փաստաթղթեր ներկայացնել գրանցման համար: Ավելին, վերագրանցման գործընթացի իրականացումից հետո դեռևս ոչ մի կրոնական համայնքի գոյությունը չեղյալ չի հայտարարվել:

Ինչ վերաբերում է համայնքների գործունեության հարցում ոստիկանության միջամտությանը, ապա դա, ինչպես ասված է հայտարարության մեջ, տեղի է ունենում միայն այդ համայնքի կողմից օրենքի խախտման դեպքում և ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես կրոնական դավանանքի սահմանափակում:

Tekali Taxi