Home / Հայաստան / Վիեննայում Տիգրան Սարգսյանը պատմել է կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության և քաղաքական կամքի մասին

Վիեննայում Տիգրան Սարգսյանը պատմել է կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության և քաղաքական կամքի մասին

Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ: Վերջինս նվիրված էր Ռուսաստանի տնտեսական բարեփոխումների հեռանկարներին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն այս երկրի անդամակցությանը, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միությանը, ընդհանուր ինտեգրման գործընթացներին, տնտեսությունում առկա հիմնախնդիրներին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` պետության դերին գնային քաղաքականության ոլորտում, ինովացիոն կենտրոնի ստեղծման փորձին, ներդրումային միջավայրին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին՝ որպես տնտեսության, ինովացիայի զարգացման արգելակիչ դրսևորման:

Ըստ ՀՀ վարչապետի՝ տրանսնացիոնալ կորպորացիաների համար կոռուպցիան և ներդրումային միջավայրը ոչ այնքան վտանգավոր երևույթներ են: Դրանց համար ավելի կարևոր է պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին և միջին ու մանր բիզնեսին:

«Որովհետև առանց փոքր ու միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման` քաղաքացիական հասարակություն: Դրա համար, եթե մենք ուզում ենք հիմնարար փոփոխություններ տեսնել մեր երկրներում, ներդրումային բարենպաստ իրավիճակ, որ ինստիտուտներն աշխատեն, անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն: Եվ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանմամբ է հնարավոր հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ լինի», – նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ առաջին դեղամիջոցը կառուցվածքային բարեփոխումներն են: Անհրաժեշտ է, որ իշխանության մոտ լինի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք:

«Որտեղի՞ց է առաջանում այդ քաղաքական կամքը: Վերջինս ի հայտ է գալիս, երբ համոզմունք կա այն ծրագրերի ճշմարտության մեջ, որոնք իրականացնում ես: Եթե իշխանության գլուխ կանգնածների մոտ կա այդ համոզմունքը, որ դա լավ է երկրի, ժողովրդի ապագայի համար, ապա իշխանություններն իրականացնում են այդ բարեփոխումները», – ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ գործընթացներ, որոնք ընթանում են Ռուսաստանում, ազդում են Հայաստանում ընթացող գործընթացների վրա: Սա պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն աշխատում են միասնական տնտեսական տարածությունում, նրանց մենթալիտետները, մշակութաբանական միջավայրը միմյանց շատ նման են:

Անդրադառնալով մաքսային միությանը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հնչեցրել է այդ հարցը. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից, երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն: «Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ», – ասել է ՀՀ վարչապետը:

Tekali Taxi