Home / Հայաստան / Թուրքիայում առաջարկում են քանդել Ցեղասպանության ճանաչման տաբուն, ոչ թե հուշարձանները

Թուրքիայում առաջարկում են քանդել Ցեղասպանության ճանաչման տաբուն, ոչ թե հուշարձանները

«Երբ արտասահմանցիներն ինձ հաճախ հարց են ուղղում այն մասին, թե ինչ է կատարվել Թուրքիայում վերջին շրջանում, ես անդրադառնում եմ ապրիլի 24-ին վերաբերող վերջին իրադարձություններին», – Today’s Zaman-ի իր բլոգում գրում է թուրք հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը:

Նա նշում է, որ այդ հարցի դեպքում ինքը պատմում է միևնույն օրը նույն Թուրքիայում կատարված երկու իրադարձության մասին:

«Ապրիլի 24-ին սկսվեց Կարսի «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժումը: Հուշարձանի վերացումն արդարացվում է այն հանգամանքով, որ վարչապետը քաղաք կատարած այցելության ժամանակ որակել էր համալիրը որպես հրեշավոր կառույց: Սա անհանդուրժողականության վառ օրինակ էր:

Նույն Թուրքիայում, որտեղ ապամոնտաժվում էր հուշարձանը, հենց այդ նույն  օրը Թուրքիայի ամենամեծ տաբուներից մեկի վերացումը հակադրվեց այդ գործողություններին մեր մեծ և փոքր քաղաքներում: Ես խոսում եմ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունների մասին: Այդ նույն օրը, ես Անկարայի Սակարյա հրապարակում էի: Հրապարակի սրտում կանգնած մեր փոքրիկ խումբը հնչեցնում էր այն հայ մտավորականների անունները, ովքեր դուրս էին բերվել իրենց տներից 96 տարի առաջ ապրիլի 24-ին և այնուհետև անդարձ կորել էին: Այդ օրը ոստիկանության ուժերը պատ էին ստեղծել մեր և միջոցառմանը դեմ հանդես եկող ցուցարարների միջև: Դեռևս 10 տարի առաջ մենք երազել անգամ չէինք կարող նման բանի մասին: Ոստիկանությունը չէր պաշտպանի մեզ, նրանք անգամ կմիանային ցուցարարներին և կծեծեին մեզ: Ապրիլի 24-ին ոստիկանության վերաբերմունքը չէր կարող նման ձև ընդունել առանց կառավարության կարգադրության:

Կարծում եմ, որ Թուրքիայում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը կարելի է համեմատել ապրիլի 24-ին ստացած իմ տպավորությունների հետ: Երկիրը միաժամանակ hետ ու առաջ քայլեր է կատարում:

Կիրակի Թուրքիայում ընտրություններ կկայանան: Բայց ամենայն հավանականությամբ Էրդողանի ընտրությունը որոշիչ դեր կունենա Թուրքիայի ապագայի համար հունիսի 13-ից հետո: Արդյո՞ք մենք կապրենք այնպիսի Թուրքիայում, որտեղ հուշարձաններն ու տաբուները քանդվում են: Ի՞նչ նպատակով Էրդողանը կօգտագործի իր աճող իշխանությունն ու  խարիզաման: Գաղտնիք չէ, որ վարչապետը լրջորեն մտածում է երկիրը նախագահական համակարգի փոխելու մասին: Կարող ենք ասել, որ այս նպատակը հուշարձանի դեմ արշավի գլխավոր պատճառն է: Այդ հուշարձանի վերացումը ազգայնականների ձայները հավաքելու միտում ուներ, որպեսզի հետագայում Էրդողանը կարողանա փոխել Սահմանադրությունը: Նախագահ դառնալու համար, Էրդողանը պետք է հաշտվի ռազմական ուժերի հետ: Ոչ ոք չի կասկածում, որ այդ հաշտությունը հիմնված կլինի նվազ ժողովրդավարական սկզբունքների վրա:

Իր ներքին և արտաքին խնդիրները  լուծելու, իր մահմեդական ինքնության և ոչ մահմեդական անցյալի հետ հաշտվելու ունակ Թուրքիան աշխարհին ասելու շատ բան կունենա:

Եվ Թուրքիայի անդամագրումը Եվրամիությանը 21-րդ դարի ամենակարևոր իրադրաձությունը կլինի: Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կտեսնենք վարչապետի ընտրությունները: Հուսով եմ, որ նրա ընտրությունը կկանգնի տաբուների և ոչ թե հուշարձանների քանդման վրա», – գրել է Չենգիզը:

Tekali Taxi