Home / Հայաստան / Թեղուտի պաշտպանության խումբը Տիգրան Սարգսյանին կեղծ բնապաշտ է համարում

Թեղուտի պաշտպանության խումբը Տիգրան Սարգսյանին կեղծ բնապաշտ է համարում

Այսօր ժամը 20.00-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է Հայաստանի բնության պաշտպանությանը նվիրված համերգ` Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել Թեղուտի պաշտպանության խումբը: Հայտարարությունը վերնագրված է «Թե ինչ եղավ հետո, երբ Տիգրան Սարգսյանը դարձավ բնության պաշտպան»:

Հայտարարության հեղինակները նշում են, որ հարկ են համարում «հարգանքի տուրք մատուցել «մեծ բնասեր» Տիգրան Սարգսյանի բնապահպանական գործունեությանը»:

«Հիշեցնենք, որ նրա վարչապետության տարիներին Հայաստանում աննախադեպ զարկ է տրվել հանքերի շահագործման ծրագրերին` հարյուրավոր հեկտար անտառներ կտրելու, միլիոնավոր տոննա թունավոր թափոններ տեղակայելու, ջրերն աղտոտելու, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ վնասելու և ոչնչացնելու հաշվին:

  1. Չնայած բնապահպանների և հազարավոր քաղաքացիների բողոքներին և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի բացասական եզրակացությանը որոշումների ընդունման գործընթացների ոչ պատշաճ լինելու և տվյալ կոնվենցիայի պահանջների խախտման վերաբերյալ` ՀՀ կառավարությունը շարունակում է հովանավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը: Հիշեցնենք, որ այս ծրագրի արդյունքում Լոռու մարզում ոչնչացվում է պաշտոնական տվյալներով 357 հա, իսկ մասնագետների կարծիքով ավելի քան 1000 հա անտառ, բազմաթիվ հազվագյուտ կենդանական և բուսական աշխարհի տեսակներ, գետեր, առաջանում է ստորգետնյա ջրերի թունավորման մեծ վտանգ և այլն:
  2. Սյունիքի մարզում շարունակվում են ուրանի արդյունահանման համար երկրաբանահետազոտական աշխատանքները` չնայած տեղի բնակչության և բնապահպանական կազմակերպությունների բողոքներին:
  3. Հրազդանում նախատեսվում է երկաթի հանքերի շահագործում` վտանգի ենթարկելով զբոսաշրջության համար կարևոր այս տարածաշրջանի չքնաղ բնությունը և Հրազդան գետի ավազանը:
  4. Անօրինական կերպով շարունակվում է Սոթքի հանքավայրի շահագործումը` արհամարհելով Կովկասի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի` Սևանա լճի թունավորման վտանգը:
  5. Օրակարգից չի իջնում Կապանի պղնձամոլիբդենային հանքի բաց շահագործման նախագիծը, որն ուղեկցվելու է հազարավոր ծառերի հատումով, բնակչության առողջության համար առավել մեծ վտանգներով:
  6. Նախատեսվում է շահագործել Սվարանցի երկաթի հանքավայրը` վտանգի տակ դնելով Հարավային միջանցքի ծրագրով նախատեսվող զբոսաշրջության զարգացման հեռանկարը:

Այսքանը միայն հանքարդյունաբերության մասով… Ցանկը շարունակելի է…

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արհամարհում է Հայաստանի բնակչության, բնապահպանների ու մասնագետների կարծիքներն ու բողոքները և հանդես գալիս որպես կեղծ բնապաշտ», – ասված է հայտարարության մեջ:

Tekali Taxi