Home / Հայաստան / «Սովի ենք մատնված». բարձրաձայնում են Աբովյան փողոցի ծաղկավաճառները

«Սովի ենք մատնված». բարձրաձայնում են Աբովյան փողոցի ծաղկավաճառները

Երևանի Աբովյան փողոցում առևտուր իրականացնող երկու ծաղկավաճառների` Նարինե Վարդանյանի և Հեղինե Պողոսյանի` ոստիկանություն ներկայացված դիմումին դեռևս ընթացք չի տրվել:

Հիշեցնենք, որ ծաղկավաճառների խնդիրները սկսվել էին մայիսի 31-ին, երբ Երևանի քաղաքապետարանի առևտրի բաժնի պետի տեղակալ Արման Եդոյանն ասել էր, որ տվյալ վայրում ծաղիկ վաճառելը շարունակելու համար նրանք պետք է տեղադրեն պատվիրած սեղաններ, որոնց համար պետք է կանխիկ 1000-ական դոլար վճարեն:

Այս հանգամանքից վրդովված ծաղկավաճառները նույն օրը երեկոյան միմյանց հետ զրուցելիս իրենց դժգոհությունն են արտահայտել իշխանությունների վերաբերմունքի կապակցությամբ:

Այդ խոսակցությունը հասել է Եդոյանին, ով երկու օր հետո եկել է ծաղկավաճառների մոտ և, նրանց խոսքով, հայհոյել է իրենց` կարգադրելով հավաքվել և գնալ տվյալ վայրից:

Epress.am-ի հետ զրույցում Հեղինե Պողոսյանն ասել է, որ իրենց` ոստիկանություն  դիմում ներկայացնելուց հետո հետաքննիչ Հայկ Արամյանն իրեն հարցաքննության չի կանչել, հրավիրել է միայն Նարինե Վարդանյանին, ինչպես նաև ընթացք չի տրվել իր դստեր` 21-ամյա Անի Ավետիսյանի դիմումին, որին Եդոյանն այդ օրը ևս վիրավորել է:

Այս պահին ծաղկավաճառները տեղյակ չեն` արդյոք Եդոյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է, թե` ոչ:

«Եդոյանի դեմ բողոքում մենք պահանջում ենք նաև նյութական փոխհատուցում, քանի որ իրենք մեկ օրվա մեջ են որոշում կայացրել` արգելելով մեր ծաղիկները վաճառել, և դրա հետևանքով մենք մեծ վնասներ ենք կրել` ծաղիկները փչացել են», – ասել է Պողոսյանը:

Նարինե Վարդանյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց տեղից մի փոքր հեռու, Սուդարիկ անունով մի կին շատ բացահայտ գյուղմթերք է վաճառում:

«Նրան ներքին կարգով քաղապետարանն արտոնել է այնտեղ գյուղմթերք վաճառել, իսկ մեզ թույլ չեն տալիս ծաղիկ վաճառել: Նա դաբրո ունի` վաճառում ա: Բացի դա, այդ կինը մեզ ծայրահեղ գործողությունների է ցանկանում դրդել: Ասում ա` «եկեք գնանք, գլուխները տանք, ջարդենք» և այլն: Բայց մենք գիտենք, թե նա ում կողմից է ուղարկված և ինչի համար, և այդ կնոջից հնարվորինս հեռու ենք մնում: Մենք հունիսի 3-ից զրկված ենք ծաղիկ վաճառելու հնարավորությունից և մատնված ենք սովի»,- ասել է Նարինե Վարդանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ իրենք, հավանաբար, բաց նամակով կդիմեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Tekali Taxi