Home / Հայաստան / Ազգային գրադարանը պայքարում է իր տնօրենի համար

Ազգային գրադարանը պայքարում է իր տնօրենի համար

Այսօր Հայաստանի Ազգային Գրադարանի բակում բողոքի ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի:

Epress.am-ի հետ զրույցում գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման ներկայացուցիչ Գոհար Ջուլհակյանն ասել է, որ իրենք հունիսի 3-ին Մշակույթի նախարարությունից պաշտոնական նամակ են ստացել առ այն, որ տնօրենի աշխատանքային պայմանագիրը լուծված է:

«Մեր նամակը ստանալուց հետո անձնակազմը նամակով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և Մշակույթի նախարարությանը` խնդրելով, պահանջելով երկարացնել պարոն Սարգսյանի պայմանագիրը, քանի որ նա արդեն 13 տարի է` Ազգային գրադարանի տնօրենն է, հսկայական ներդրում ունի ոլորտում, և դեռ բազմաթիվ նախագծեր կան, որ պետք է իրականացվեն»,- ասել է Ջուլհակյանը:

Նա նշել է, որ ոչ միայն անձնակազմն է նախաձեռնությամբ հանդես եկել, այլ նաև բազմաթիվ մտավորականներ, գրադարանի ընթերցողներ:

«Արդեն 200 ստորագություն է հավաքվել, գումարած դրան` մեր նամակները համապատասխան մարմիններին: Մենք հուսով ենք, որ մեր խնդրանք-պահանջը կիրականացնեն, և Դավիթ Սարգսյանը կմնա իր պաշտոնին և կշարունակի աշխատել Ազգային գրադարանում»,- հավելել է Ջուլհակյանը:

Tekali Taxi