Գլխավոր / Հայաստան / Անվճար ակնաբուժական հետազոտություններ` մեկ ամիս

Անվճար ակնաբուժական հետազոտություններ` մեկ ամիս

Գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի  ակնաբուժական կլինիկան հունիսի 14-ից մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում իրականացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ, որոնք կատարվում են ակնաբուժական տեխնիկա և դեղորայք արտադրող ALCON ընկերության աջակցությամբ՝ նոր սերնդի օֆտալմասկոպներով:
Այսօր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բժիշկները Ավան վարչական շրջանի բնակիչներին են ընդունել թիվ 12 պոլիկլինիկայում:
Ակնաբույժների հավաստմամբ՝ նախնական շրջանում գլաուկոման ընթանում է գրեթե առանց ախտանշանների, ուստի 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ակնաբուժական հետազոտություն անցնել:

Ակցիան տևելու է մինչև հուլիսի 15-ը, ըստ ժամանակացույցի՝  մեկական օր քաղաքապետարանի ենթակայության 20 պոլիկլինիկաներում: Հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազնին հետազոտություն կանցնեն Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, հայտնում են քաղաքապետարանից: