Home / Հայաստան / Հայկական խաչքարերը Ֆրանսիայում սկանդալի պատճառ են դարձել

Հայկական խաչքարերը Ֆրանսիայում սկանդալի պատճառ են դարձել

Փարիզում չորեքշաբթի երեկոյան սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի մշակույթի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում` ներկայացնելով դարերի ընթացքում պատմական Հայաստանի տարածքում ստեղծված խաչքարերի լուսանկարները:

Ցուցադրությունից ժամեր առաջ, սակայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը որոշել էր հանել խաչքարերի տեղադրման ու կառուցման մասին գրությունները` պնդելով, թե դրանցից մի քանիսը գտնվում են ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում և Ադրբեջանում, հետևաբար` դիվանագիտական սխալ կլիներ այդ գրությունները թողնելը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուները հանել էին տվել նաև պատմական Հայաստանի մեծ քարտեզը, որի վրա նշված էին տարբեր խաչքարերի տեղավայրերը:

Ցուցահանդեսի բացմանը մեծ բազմություն էր հավաքվել, և մեծ եղավ ներկաների զարմանքը և վրդովմունքը, երբ պարզվեց, որ ընդամենը մի քանի ժամ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությունը թույլ էր տվել իրեն հանել խաչքարերի լուսանկարներն ուղեկցող բացատրական գրությունները` թողնելով միայն դրանց ստեղծման տարեթվերը:

Այդպիսով, ներկաները դիտեցին ցուցահանդեսը` առանց տեղեկանալու հուշարձանների տեղադրման և կառուցման վայրերի մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուները մերժեցին գալ և բացատրություններ տալ:

Ցուցահանդեսի բացման խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը իր դժգոհությունը արտահայտեց տեղի ունեցածի կապակցությամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Պատրիկ Տոնապետյանը` հայկական արվեստի երևելի մասնագետներից մեկը, դատապարտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուներին` իր վրդովմունքը հայտնելով նրանց կողմից հայ մշակույթի հանդեպ այդպիսով կատարված գրաքննության հանդեպ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Tekali Taxi