Home / Հայաստան / Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի փոխարեն` ուտեստներ. թուրք փորձագետները դժգոհ են

Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի փոխարեն` ուտեստներ. թուրք փորձագետները դժգոհ են

Քանդակները շատ բան կարող են ասել անծանոթ այցելուին տվյալ քաղաքի մասին, կարծում է թուրք ճարտարապետ Մելթեմ Փարլակը, ով իր բլոգում «Քանդակների տպավորիչ քաղաք» խորագրով նկարների շարք է տեղադրել, որտեղ ներկայացված են Թուրքիայի տարբեր հատվածներում գտնվող քանդակներն ու հուշարձանները:

Փարլակի կողմից լուսանկրաված և բլոգում տեղադրված քանդակները հիմնականում մեծ չափերի են, ներկայացված են մրգերի, հատապտուղների, տարբեր ուտեստների տեսքով:


Խոսելով նման հուշարձանների մասին` Փարլակն իր վրդովմունքն է հայտնում արվեստի բնագավառում Թուրքիայի վարած քաղաքականության, ինչպես նաև վերջերս Կարս քաղաքում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության» հուշարձանի ապամոնտաժման հանգամանքի վերաբերյալ:

«Մարդկության հուշարձանի վերացումը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վերացնում են այն երևույթները, ինչն իրենց դուր չի գալիս, մի երկրում, որտեղ լուրջ խնդիրներ կան արտահայտման ազատության հետ»,-նշել է Փարլակը:

Փարլակի կարծիքը կիսում է հայտնի թուրք քանդակագործ, Ստամբուլի Միմար Սինան համալսարանի պրոֆեսոր Ֆերիտ Օզշենը:

«Երեքշաբթին Թուրքիայում նշանավորվեց Կարսում գտնվող «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման աշխատանքների ավարտով: Դեպքերը չպետք է այսպես զարգանային: Արվեստագետը լուրջ աշխատանք էր կատարել և գրեթե ավարտին էր հասցրել այն: Հուշարձանի վերացումը պարզապես ամոթալի երևույթ է:

Այժմ նրանք մեղրի և պանրի հուշարձան կկանգնեցնեն: Շատ տխուր է: Չեմ կարող բառեր գտնել իմ ցավն արտահայտելու համար»,- ասել է Օզշենը:

Tekali Taxi