Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը երկխոսության մասին հայտարարությամբ հանդես կգա

Սերժ Սարգսյանը երկխոսության մասին հայտարարությամբ հանդես կգա

Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր նիստին, որի ընթացքում քննարկվել են ընդդիմություն-իշխանություն երկխոսության թեման, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Նիստի ավարտից հետո, օրաթերթի լրագրողը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից հարցրել է, թե ինչ է որոշվել երկխոսության հետ կապված:

«Այն ինչ ասել եմ, արդեն ասել եմ: Մոտ օրերս հայտարարություն կլինի», – նշել է Կարապետյանը:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այսօր կամ վաղը Սերժ Սարգսյանն ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամության մասին հայտարարություն է անելու, և այն լինելու է իշխանության ներկայացուցիչների նախորդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում, այսինքն` բանակցող պատվիրակության կազմ չի լինելու:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Կարեն Կարապետյանը, խոսելով հնարավոր երկխոսության մասին, նշել էր, որ ընդդիմության կողմից արված պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկներն «ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»:

Ի պատասխան` հունիսի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր. «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի: Հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը: Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում: Մնացյալը ոչ մեր, այլ իշխանության գլխացավանքն է: Ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը»:

Tekali Taxi