Home / Հայաստան / Հայկական տաղավարը մշակութային քաղաքականության բովում

Հայկական տաղավարը մշակութային քաղաքականության բովում

Անժելա Հարությունյան, արվեստի քննադատ

Վենետիկի 54-րդ միազգային Բիենալեին ներկայացված Ձեռնարկներ անվանումը կրող հայկական տաղավարը, որի հղացքը վերաբերում է եզակիի ու համընդհանուրի հարաբերությանը ինքնության համատեքստում, այս տարի առաջարկում է գոյատևման տնտեսության ու քաղաքականության տարբեր գեղագիտական լուծումներ:

Գերնույնանալով իշխանական դիսկուրսների ատրիբուտների հետ՝ Գրիգոր Խաչատրյանի Պատահականությունների ծրագրման կենտրոնը մատուցում է իշխանությունը՝ որպես թատերականացված արարք և կատարում: Մխիթարյան

միաբանությանը պատկանող Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում տաղավարին հատկացված սրահի կենտրոնում Խաչատրյանը վերարտադրել է պաշտոնական հանդիպումների սենյակ, որի տարրերն են գորգը, ուղանկյուն սեղանը, գրասենյակային աթոռները, սեղանի երկայնքով տեղադրված թարմ ծաղիկներն ու նախորդ պաշտոնական հանդիպումների լուսանկարչական վավերագրությունները: Նույնիսկ հայկական տաղավարի հսկիչը ակամայից վերածվում է արվեստագետի գործավարուհու:

Մհեր Ազատյանի ինստալյացիան առօրյայի խոսքային ու պատկերային բեկորների մեջ է փնտրում գոյատևման բանաձև: Խորհրդային համընդհարության փլատակների՝ պատահական առարկաների ու լքված վայրերի վայրկենական լուսանկարները անհարմար կույտվել են երկու սենյակները կապող միջանցքում. կարծես մի լուսանկարի գոյությունը միջամտում է մյուսի՝ նույն պատի վրա տեղակայմանը: Ի տարբերություն այս կուտակմանը՝ Ազատյանի տեքստերը, որ կարծես պոկվել են լուսանկարներից, «ազատ շնչում են» հաջորդ, առավել լայն սենյակում:Դրանք երևում ու անհետանում են՝ պայմանավորված դիտողի դիրքով ու տեղաշարժով:

Տաղավարի պատումը եզրափակվում է գոյատևման տնտեսական ուղեցույցով, որը Աստղիկ Մելքոնյանի ձեռնարկն է: Երկաթի ու օրգանական ապակու կառուցվածքը իր վրա է կրում ամսական աշխատավարձը տնտեսելու բազմաթիվ դեղատոմսեր՝ կիրառական հատկապես հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ արվեստագետը և մտավորականը ստիպված են հաճախ գոյատևել սոցիալական սանդուղքի հարթակին:

Թե՛ ինքնին Մելքոնյանի գործը և թե՛ դրա Վենետիկ տեղափոխելու ոդիսականը բյուրեղացնում են մեր երկրի մշակութային քաղաքականությունը, բայց և բարձրացնում արվեստագետի կարգավիճակին ու արվեստի նյութական ու խորհրդանշային արժեքին վերաբերող հիմնարար հարցեր:

Հունիսի 4-ին՝ Պալացցո Զենոբիոյում հայկական տաղավարի մարդաշատ բացման օրը Մելքոնյանի ինստալյացիային հատկացված սենյակի դուռը կողպված էր: Դռանը փակցված էր գրություն, ըստ որի՝ աշխատանքի «կորստի» պատճառով Մելքոնյանի գործի բացումը հետաձգվում էր: Պատճառն այն էր, որ տարբեր բաղադրամասեր, որոնցից հավաքվելու էր ինստալյացիան, պարզապես մոռացել էին Երևանից ուղարկել: Այս միջադեպին հետևեցին երկաթաձողերը տեղում ալյումինով փոխարինելու անհաջող փորձեր, մինչև որ որոշվեց տաղավարը բացել առանց Մելքոնյանի գործի:

Սակայն ո՛չ համադրողների պատասխանատվությունը չեզոքացնող ու անոնիմ երրորդ անձի վերագրող գրությունը, և ո՛չ էլ կազմակերպիչների ինքնաշնորհավորող ու տաղավարի հաջողությունը տոնող վերաբերմունքը չեն կարող քողարկել այն հանգամանքը, որ հայկական տաղավարի պարագայում ոչ թե արվեստագետն է հայտնվել նախագծի առանցքում, այլ ներկայացուցչական իրադարձության փայլը` համեմված բազմաքանակ հանդիսատեսի ներկայությամբ, գինու բաժակների զրնգոցով ու նույնիսկ Վրաստանի նախագահի մշակութային դիվանագիտական այցելությամբ:

Այն, ինչ ընկած է տաղավարի կազմակերպումը որպես մշակութային քաղաքականության փոփոխությունների ու դրա՝ սոսկ ներկայացուցչական իրադարձություն դառլանու արանքում, երկարատև ու բազմաչարչար բանակցություններ են, դիրքերի մշակումներ ու արտահայտումներ: Կուրատորական թիմը՝ կազմված Վարդան Ազատյանից, Ռուբեն Արևշատյանից ու Նազարեթ Կարոյանից, մինչև Վենետիկ հասնելը «կորուստներ» կրեց, երբ Ազատյանը, տաղավարի բացումից մոտ երեք շաբատ առաջ, վայր դրեց համադրողի իր գործառույթները:

Ըստ Epress.am-ին Ազատյանի տված հարցազրույցի՝ պատճառը ֆինանսների բացակայությունից ստեղծված վտանգավոր իրավիճակն էր, երբ յուրաքանչյուր մանրուք կարող էր խորտակել ծրագիրը: Սակայն առաջին հայացքից պրագմատիկ որոշման հետևում նաև մասնագիտական լուրջ նկատառումներ են, որոնք հետևանքներ ունեն նաև մշակութային քաղաքականության համար: Մի իրադրության մեջ, երբ ամեն մի տեխնիկական մանրուքի ձախողում սպառնում է համադրողին կանգնեցնել իրավիճակային լուծումներ գտնելու փաստի առաջ, ապա վտանգված է թե՛ համադրողի պրոֆեսիոնալ ամբողջականությունը, արվեստագետի հետ նրա հարաբերությունները և նախագծի նկատմամբ պատասխանատվությունը: Սակայն ամենակարևորը, ինչպես Ազատյանն է նշում, մեր «երկրի ամենաթանկ ռեսուրսը՝ մարդկային էներգիան փոշիացնելու» արատավոր գործելակերպն է:

Տեղական մշակութային քաղաքականության մեջ արմատական փոփոխությունների կատալիստ դառնալու ձախողումը տաղավարը վերածում է սոսկ ներկայացուցչության վայրի, որտեղ համադրողները (կամա, թե ակամա), կազմակերպիչներն ու կից անձինք արտացոլում են իրենց ֆանտազմատիկ ցանկությունները (կապված ուժի ու ճանաչման հետ), որտեղ ժամանակակից արվեստի հետ առնչվելը վերածվում է սոսկ «ժամանակակից» լինելու կենսաձևի, իսկ արվեստագետը դառնում է այս ցանկություններին ու ասոցացումներին ծառայող գործիք: Այն պարագայում, երբ արվեստի չափման միավորը տոննան է, նախագծի հաջողության գրավականը՝ ներկայացուցչականության հաջողությունը, գործունեության եղանակը՝ իրավիճակայնությունը, իսկ արվեստագետը՝ սոսկ իրադարձության համար առիթ, կարծես անիմաստ է համադրողներից սպասել ինքա-անդրադարձ ու անձնական պատասխանատվություն: Սակայն այն, ինչ կարող է թվալ ընդամենը մեկ գործի տեխնիկական ձախողում, ունի ավելի խորքային պատճառներ ու հետևանքներ, որոնք անքակտելի են տեղական մշակութային քաղաքականությունից:

Ի վերջո, թե՛ հանձնակատարից, թե՛ Մշակույթի նախարարությունից և թե՛ համագործակցող այլ անձանցից ու կառույցներից պատասխանատվություն ակնկալելն անիմաստ է, քանի որ, ինչպես տաղավարի համադրողներից Նազարեթ Կարոյանն է նշում, նրանք «անփորձ» են: Մյուս կողմից՝ Արևշատյանի ու Կարոյանի՝ տաղավարի կազմակերպումը մինչև վերջ հասցնելու որոշումը թույլ չտվեց, որպեսզի թե՛ նախարարությունը և թե՛ կոմիսարը պատասխանատվության իրենց բաժինն ընդունեն ու «փորձ» ձեռք բերեն: Այս իրավիճակում, կամա թե ակամա, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է համադրողների վրա, որովհետև նրանք այլ խնդիր չունեն, քան արվեստագետի հետ աշխատելն ու որոշակի գործի ցուցադրության համար հնարավոր լավագույն պայմաններ տրամադրելը: Սա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ արվեստն ու արվեստագետն է հայտնվում նախագծի կենտրոնում: Ի վերջո, մեր որոշակի տնտեսության մեջ համադրողի գերխնդիրը պետք է լինի նպաստելը, որ արվեստային նախագծերում արվեստագետը դառնա թե՛ տնտեսական և թե՛ գեղագիտական որոշումների գլխավոր սուբյեկտ:

Համադրողի խնդիրը ոչ այնքան հասարակության ու արվեստագետի միջև թարգմանական հնարավորություններ ապահովելն է (արվեստը «բժշկական միջամտության» նման կարիք ունի միայն, երբ այն պետք է «փրկել») և ոչ էլ արվեստի խորհրդանշանային տնտեսությունից համեղ պատառ անկնկալելը, այլ հաճախ կառավարման, կազմակերպման ու համակարգման մանրուքներին՝ սկսած արվեստագետի կացարանի խնդրի լուծումից մինչև մամուլի համար նախատեսված տեքստի պատրաստումը, ամենայն լրջությամբ մոտենալը:

Որոշակի տնտեսության մեջ, որտեղ արվեստագետն ու մշակութային գործիչն իրենց հիմնական գործունեությամբ անկարող են ապրուստի գումար վաստակել, գոնե ցուցահանդեսային իրադարձության ընթացքում ադեկվատ կեցության պայմաններ ապահովելը նույնքան կարևոր նշանակություն ունի, որքան կուրատորական տեքստի որակն ու բացմանը լրատվամիջոցների ներկայությունը: Վերջապես, համադրողի խնդիրն է աշխատել արվեստագետի հետ, և ոչ թե արվեստագետի հաշվին:

Միայն այն դեպքում կարող ենք տոնել վենետիկյան տաղավարի ներկայացուցչական հաջողությունը, այլոց հիացմունքներն ու շնորհավորանքները, երբ տաղավարի կազմակերպման փորձառությունը հանգեցնի որոշակի ազատագրող տեղային մշակութային քաղաքականության:

Վենետիկի բիենալեին մասնակցությունը մշակութային կապիտալ է, որ պետք է ազդեցություն թողնի նախևառաջ տեղական դաշտում, հայաստանյան մշակութային քաղաքականության վրա: Սա ներառում է արվեստագետի հետ համադրողի աշխատելաձևի փոփոխություն, ժամանակակից արվեստի կողմից հանրային կառույցներից մշակութային մուտքի պահանջ ու ներկայացման քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվածություն:

Ի վերջո, երբ արվեստագետի՝ Բիենալեի մասնակցության կացությունն ու տնտեսությունը նույնանում է գործի բովանդակության հետ (խոսքը Մելքոնյանի Աշխատավարձի տնտեսման ձեռնարկի մասին է) և վերածվում գոյատևման ռազմավարության, ապա կարելի է եզրահանգել, որ տաղավարի մշակութային քաղաքականությունը ձախողվել է, եթե նույնիսկ ներկայացուցչականությունը հաջողվել է:

Tekali Taxi