Home / Հայաստան / Սարգսյանը և Յանուկովիչը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ուշադրության կենտրոնում

Սարգսյանը և Յանուկովիչը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ուշադրության կենտրոնում

Այսօր ֆրանսիական Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը, որն ավարտվելու է հունիսի 24-ին:

ԵԽԽՎ-ի կայքի հաղորդմամբ` ամառային նստաշրջանի հիմնական իրադարձությունների շարքում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` հունիսի 21-ին կայանալիք ելույթը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որը նախատեսված է հունիսի 22-ին:

Հունիսի 21-ին ԵԽԽՎ-ում պատրաստվում են քննարկել նաև Մարոկոյի խորհրդարանի առաջարկը, համաձայն որի այդ երկիրը ԵԽԽՎ-ում պետք է ստանա «Գործընկեր ժողովրդավարության համար» կարգավիճակը:

Քննարկումների ընթացքին մասնակցելու է նաև Թունիսի ԱԳՆ ներկայացուցիչը:

ԵԽԽՎ-ն այս քննարկումները ձեռնարկել է «արաբական երկրների նոր ժողովրդավարություններին աջակցելու» համար:

Հինգշաբթի ԵԽԽՎ-ի պատվիրակները քննարկելու են Եվրոպայում մարդու իրավունքների վիճակը: Քննարկման ավարտին ԵԽԽՎ Մարդու իրավուքնների մրցանակը հանձնվելու է «Խոշտանգումների դեմ կոմիտե» ռուսաստանյան հասարակական կազմակերպությանը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ադրբեջանցի պատգամավորները մտադիր են ակտիվ մասնակցություն ունենալ քննարկմանը և հարցեր ուղղել անձամբ Սերժ Սարգսյանին:

Tekali Taxi