Home / Հայաստան / Երկխոսության մասին Բեն Ալիին և Մուբարաքին հարցրեք. Փաշինյանի խորհուրդը

Երկխոսության մասին Բեն Ալիին և Մուբարաքին հարցրեք. Փաշինյանի խորհուրդը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր «Հարցրեք Մուբարաքին կամ Բեն Ալիին» այսօրվա խմբագրականում անդրադարձել է ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսությանը և տվյալ թեմայով վերջին զարգացումներին:

Խմբագրականը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու հարցին Սերժ Սարգսյանի անդրադարձը ուրվագծում է պատկերացումների այն տարբերությունը, որ գործընթացի վերաբերյալ ունեն ընդդիմությունն ու իշխանությունը:

Դա արտահայտվում է հարցը գործնականացնելուն ուղղված` կողմերի ձեռնարկած քայլերի տրամաբանությամբ: Ընդդիմությունը նշանակել է պատվիրակություն, հրապարակել կազմը, իսկ իշխանությունը, պատվիրակներ նշանակելով` նրանց դեռեւս չի անվանում պատվիրակություն:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը ընդունում է, որ երկխոսության գործընթացում կա երկու կողմ: Ըստ այդմ` կողմերից մեկը Հայ ազգային կոնգրեսն է, մյուսը` կոալիցիոն իշխանությունը: Սարգսյանը ընդունում է, որ կողմերը պետք է երկխոսեն, բայց չի ընդունում, որ պետք է բանակցեն: Ի՞նչ է ուրեմն թաքնված գործնական և տերմինաբանական այս մանյովրների հետևում:

Ընդդիմության համար երկխոսությունը ներքաղաքական օրակարգի ամենահրատապ հարցերին լուծում տալու միջոց է: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներն իրենց ելույթներում հստակ ընդգծել են, որ ներքաղաքական պրոցեսների հետմարտիմեկյան տրամաբանությունը տանում է եգիպտական եւ թունիսական սցենարների: Ընդդիմությունը իշխանությանը երկխոսություն առաջարկելով, ըստ էության, նրան կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը, և այն խնդիրը, որը, այսպես թե այնպես, ուշադրություն դարձրեք` այսպես թե այնպես լուծվելու է, լուծել ոչ թե թունիսական կամ եգիպտական կամ ղրղըզական տարբերակով, այլ երկխոսության միջոցով համաձայնության գալ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետների շուրջ: Իշխանությանը, հասկանալիորեն, նման առաջարկը ոչ ձեռնտու է թվում, իր համար ոչ արժանապատիվ:

Բայց, պարոնայք իշխանավորներ, եթե, օրինակ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կամ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին հարցնեք, համոզված եղեք, նրանք ձեզ խորհուրդ կտան միանշանակորեն կառչել ընդդիմության առաջարկից: Բեն Ալին և Մուբարաքը ցավով կարձանագրեն, որ իրենք կամ չեն ունեցել երկխոսությամբ իշխանությունից հեռանալու հնարավորություն, կամ չեն օգտվել դրանից:

Հայաստանի իշխանական որոշ ներկայացուցիչներ կարող են հակադարձել, թե թունիսական և եգիպտական տարբերակները անվտանգ չեն նաեւ ընդդիմության համար: Է հա, անվտանգ չեն, բայց եթե նկատել եք, մենք` ընդդիմադիրներս, խորապես արհամարհած ունենք այդ հանգամանքը: Նոր մարտի 1 պիտի անեք և նորից կոտորե՞ք մեզ: Նախ` չեք կարող այլևս, և հետո` մեզնից որևէ մեկի կյանքն ավելի թանկ չէ, քան Տիգրան Խաչատրյանինը, կամ Գոռ Քլոյանինը, կամ Տիգրան Աբգարյանինը, կամ մարտի 1-ի զոհերից որևէ մեկինը: Պիտի նորից մեզ բանտե՞րը լցնեք: Լոպպազություն չդիտվի, բայց դա նույնպես խորապես արհամարհած ունենք, որովհետև մեզ սպանելով, մեզ բանտերը լցնելով` դուք հարց չեք լուծում, ընդամենը ժամանակ եք ձգում, բայց ձեր ժամանակն էլ անվերջ չէ:

Մուբարաքը 30 տարի ձգեց, ու արդեն պլանավորում էր, թե որ թոռանից ծնված որ ծոռան թոռն է լինելու Եգիպտոսի հաջորդի, հաջորդի, հաջորդի, հաջորդի հաջորդ նախագահը: Ու հիմա որտե՞ղ է նա… Ինչ խոսք, 30 տարում բազմաթիվ ընդդիմադիր գործիչների և քաղաքացիների գլուխ է կերել, բազմաթիվ այլոց փտացրել է բանտերում, բայց դրանով միայն իրեն ու իր ժառանգներին սպասող հատուցումն է ծանրացրել: Մտածեք այս մասին, կամ մի էլ մտածեք, եթե չեք ուզում: Մենք կմտածենք նաեւ ձեր փոխարեն:

Հ.Գ. Որպեսզի նաև ֆորմալ առումով նյութս տրամաբանական ավարտին հասցնեմ, թույլ տվեք ձեւակերպել տվյալ խմբագրականի թեզերը: Ահա, ուրեմն` երկխոսությունը ընդդիմության համար կոնկրետ, տվյալ դեպքում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը լուծելու միջոց է: Դրա համար էլ ընդդիմությունը նշանակում է կոնկրետ պատվիրակություն, ասում է երկխոսություն, նաև բանակցություն, այսինքն` երկխոսություն խիստ կոնկրետ և գործնական հարցերի շուրջ: Իշխանության համար երկխոսությունը հարցերը լղոզելու, ցրելու, ձգելու, միջազգային հանրության առաջ թատրոններ խաղալու, կոնկրետ հարցերի կոնկրետ քննարկումներից եւ լուծումներից խուսափելու միջոց է, դրա համար էլ իշխանությունը հստակ պատվիրակություն չի կազմում, ասում է երկխոսություն, բայց չի ասում բանակցություն: Ավելին` անընդունելի է համարում «բանակցություն» եզրույթը: Իշխանությունը նաև հույս ունի, որ ձգձգելու, ցրելու այս գործընթացում իր կողմից տարածվող բամբասանքները, թե Կոնգրեսը ԱԺ տեղերի առևտուր է անում, կկազմալուծեն ընդդիմության շարքերը: Հասկացանք. բայց ցրելով, ձգելով, բանսարկությամբ երկրում առկա պրոբլեմները ոչ միայն չեն լուծվում, այլեւ ավելի են ահագնանում: Իսկ սա նշանակում է, որ եթե նույնիսկ իշխանությունը հասնի իր մուրազին և կարողանա թուլացնել Կոնգրեսին (ինչն անհնար է), պրոցեսները Հայաստանում կընթանան մի այնպիսի խելագար սցենարով, որ Թունիսն ու Եգիպտոսը ղալաթ արած կլինեն Հայաստանի առաջ»:

Tekali Taxi