Home / Հայաստան / 95-96թթ. ընտրություններն արդար էին, իսկ «հոկտեմբերի 27» ու «մարտի 1» չի եղել

95-96թթ. ընտրություններն արդար էին, իսկ «հոկտեմբերի 27» ու «մարտի 1» չի եղել

Մարդկային հիշողությունը անցյալի իրադարձություններին մոտենում է ընտրողաբար` մեզ բոլորիս հատուկ են անցյալի իդեալականացումը և կարոտախտը:

Այս մասին իր այսօրվա խմբագրականում գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Օրինակ, ՀՀՇ-ականները կարծում են, որ միանգամայն ճիշտ են վարվել, երբ արգելել են Դաշնակցությունը և փակել են այդ կուսակցության լրատվամիջոցները: Նրանց թվում է նաև, որ 95, 96 թվականներին ընտրություններն արդար են անցել, իսկ տնտեսության մեջ իրապես գործում էին ազատ շուկայական հարաբերությունները: Ավելին` նրանք վստահ են, որ իրենց ժամանակ ավազակապետություն չկար:

Նույնքան վարդագույն ձևով իրենց ժամանակաշրջանը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին:

Մասնավորապես, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  կարծիք է հայտնել, որ իր ղեկավարի օրոք պետական համակարգը ավելի ժողովրդավարական էր, քան հիմա: Փաստարկները հետևյալն են. նախագահն անկուսակցական էր, Ազգային Ժողովի նախագահներից երեքը` Կարեն Դեմիրճյանը, Արմեն Խաչատրյանը և Արթուր Բաղդասարյանը իշխող կուսակցությունից չէին, նաև վարչապետ Արմեն Դարբինյանն էր անկուսակցական: Ճիշտ է: Միայն թե հարց է առաջանում `ի՞նչ առավելություններ է դա տալիս ժողովրդավարության առումով. ինչո՞վ էին այն գործիչներն ավելի ինքնուրույն և անկախ, քան կարող էին լինել հանրապետական լինելու դեպքում: Ինչո՞վ  էին սահմանափակվում անկուսակցական նախագահի`կուսակցականներին ճնշելու և իր սեփական կամքը պարտադրելու հնարավորությունները:

Եվ,  ընդհանրապես`երկրորդ նախագահի օրոք տեղի են ունեցել «հոկտեմբերի 27-ը» և «մարտի 1»-ը, կեղծվել են 1998 –ի և 2003-ի ընտրությունները, 2005-ի հանրաքվեն, փակվել է  «Ա1+»-ը` այդ ամենից հետո Ռոբերտ Քոչարյանին մեծ դեմոկրատ ներկայացնելը, մեղմ ասած, չափազանցություն է:

Տնտեսության մասին: Գուցե զուտ թվերի և տոկոսների տեսակետից մենք իսկապես բարգավաճում և ծաղկում էինք: Բայց ժողովուրդը թե´ 10 տարի առաջ էր ծանր սոցիալական վիճակում, թե´ հիմա, տնտեսությունը թե´ այն  ժամանակ էր կենտրոնացած մի քանի օլիգարխների ձեռքը, թե այսօր: Ճիշտն ասած, չեմ նկատել մեր հասարակության մեջ զանգվածային կարոտախտ Քոչարյանի ժամանակների հանդեպ: Մի խումբ ներկա և նախկին պաշտոնյաների ու գործարարների մոտ այն, անշուշտ, կա:

Այժմ էլ վիճակը ոչ մի առումով փայլուն չէ: Բայց դա չի նշանակում, որ 10 տարուց, ասենք, Էդվարդ Նալբանդյանը այսօրվա դրությունը չի հիշի ջերմ կարոտախտով», – գրում է «Առավոտի» խմբագիրը:

Tekali Taxi