Home / Հայաստան / Նույնիսկ 100 դրամ ուղեվարձը ցածր սակագին է. քաղաքապետն արձագանքեց բողոքներին

Նույնիսկ 100 դրամ ուղեվարձը ցածր սակագին է. քաղաքապետն արձագանքեց բողոքներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր եջում արձագանքել է մետրոյի ուղեվարձի բարձրացման հետ կապված երևանցիների դժգոհություններին:

«Ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս քայլին` մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը», – գրել է Կարեն Կարապետյանը։

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ մետրոպոլիտենի մեկ ուղեվորի փոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 160 ՀՀ դրամ, որը արագ շարունակում է աճել։

«Մենք չենք կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան, բայց նաև հնարավորություն չունենք այն ավելացնելու, այնինչ մետրոպոլիտենի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավականին մեծ է։ Նշեմ նաև, որ նույնիսկ 100 դրամ ուղեվարձը մնում է ԱՊՀ քաղաքաների համեմատ ամենացածր սակագներից մեկն է։ Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք այս հարցին», – գրել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ մետրոյի ուղեվարձը հուլիսի 1-ից դառնալու է 100 դրամ:

Դեռևս աս տարվա փետրվարին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ աշխարհում մետրոպոլիտենը համարվում է վնասով աշխատող և սոցիալական տեսանկյունից անհրաժեշտ տրանսպորտային միջոց, որի պատճառով այն 65 տոկոսը պետական բյուջեից միջոցներ է ստանում, 35 տոկոսը սակագնի միջոցով է, որը 50 դրամ է, սակագնի միջոցով է ծածկվում:

Ավելի վաղ ուղեվարձի բարձրացման դեմ «Ոչ մետրոյի թանկացմանը» խումբ էր ստեղծվել Facebook սոցիալական ցանցում: Էջին միացած 450 օգտատերեր իրենց բողոքն են հայտնում որոշման դեմ:

«Հեսա մի ժամանակ հետո մետրոն կքանդեն ու ռելսերը կծախեն. հեչ չեմ զարմանա, որ տենց բան լինի», – գրել է Արթուր անունով օգտատերը:

Մեկ այլ օգտատեր գրում է. «Մնում ա քաղաքային տրանսպորտն էլ 200 դարձնեն, պրծնենք»:

«Սրանք լրիվ ԻԴԻՈՏ են, հենց սենց… Թող ամեն ինչ թանկացնեն, որ մասով են ախր մտածում? Թողեք հանգիստ ապրենք, արա…Սրա վերջը ինչ ա լինելու? … բառեր չեմ գտնում, չգիտեմ… Ավելի ճիշտ գտնում եմ, բայց լիովին ազատ արտահայտվել չեմ կարող, որովհետև ամենավերջին վատ բառերը կգրեի, իրանց հասնում ա, բայց դե… հասկանում եք….»,- նշել է Արթուրո օգտատերը:

Հայկանուշն առաջարկել է բողոքի ձև ընտրել` մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով.

«Եկեք մեր բողոքն արտահայտենք մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով, տեսնենք` ինչ կլինի: Գուցե էդ ձևով հասկանան, որ թանկացումն անտեղի է»:

Tekali Taxi