Home / Հայաստան / Չինացի այլախոհին ազատ են արձակել

Չինացի այլախոհին ազատ են արձակել

Չինացի նկարիչ, իրավապաշտպան Այ Վեյվեյը, ում ձերբակալել են այս տարվա ապրիլին` հարկերից խուսափելու մեղադրանքով, գրավի դիմաց ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նա խոստովանել է իր մեղքը: Այս մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները` հղում կատարելով չինական լրատվամիջոցներին:

«Ես դուրս եկա, ես արդեն տանն եմ: Կարող եմ ասել, որ ինձ գրավի դիմաց բաց են թողել մեկ տարի պայմանական ազատազրկմամբ, բայց ես չեմ կարող հարցազրույց տալ»,-  Այ Վեյվեյը հեռախոսով հաղորդել է լրագրողներին:

Հիշեցնենք, որ նրա ձերբակալությունից հետո վերջինիս պաշտպանությամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Ուիլյամ Հեյգը, բրիտանական Tate պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Սերոտան, համաշխարհային թանգարանների ղեկավարները, ինչպես նաև համաշխարհային արվեստի համայնքի ներկայացուցիչները: Դրան ի պատասխան` Չինաստանի արտգործնախարարը խնդրել էր չխառնվել իրենց երկրի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստանում ևս ակցիա էր իրականացվել ի պաշտպանություն Այ Վեյվեյի:

Ակցիային մասնակցում էին արվեստի քննադատների միության նախագահ Նազարեթ Կարոյանը, արվեստագետներ Կարեն Անդրեասյանը, Արթուր Պետրոսյանը, Թագուհի Թորոսյանը և մի քանի այլ քաղաքացիներ:

Աշխարհահռչակ արվեստագետ, ճարտարապետ, այլախոհ Այ Վեյվեյն ապրիլի 3-ից գտնվում է ազատազրկման մեջ: Չինաստանի իշխանությունները նրան մեղադրում են տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեջ: Միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, մասնավորապես, Amnesty International-ը, հանդես են եկել հայտարարություններով, որոնցում նշում են, որ Այ Վեյվեյի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, քանի որ նա տարիներ շարունակ օգտագործում է իր արվեստը՝ բացահայտելու կառավարության կողմից այլախոհների շարունակական ճնշումներն ու խոշտանգումները:

Tekali Taxi