Home / Հայաստան / «Ժառանգությունը» Կազանի հանդիպումից առաջ զգուշացնում է Սերժ Սարգսյանին

«Ժառանգությունը» Կազանի հանդիպումից առաջ զգուշացնում է Սերժ Սարգսյանին

«Ժառանգություն» կուսակցությունը մերժում է ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումներն իբրև բանակցություն ներկայացնելու և դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության` Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սեր- Սարգսյանի և Իլհամ Ալիևի հունիսի 24-ին կայանալիք հանդիպման առնչությամբ տարածած հայտարարության մեջ:

«Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը, այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլև նորանոր վտանգներ հարուցող ու ապակայունացման տանող գործընթաց:

Ադրբեջանի ճնշումների տակ բանակցային ձևաչափի աղճատումը գնահատում ենք իբրև հակամարտության էության, պատմության ու արդարացի լուծման հեռանկարի խեղաթյուրման քաղաքականություն, որի արդյունքում. ա) հակառակ անառարկելի փաստերի, ճիգեր են գործադրվում ագրեսոր Ադրբեջանին ներկայացնել զոհի կերպարով, պարտադրվում է հարգել այլևս գոյություն չունեցող խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ցեղասպան կոտորածներից, նախահարձակ պատերազմից ու շարունակվող խափանարար գործողություններից ինքնապաշտպանվող հայկական կողմին` ճանաչել «օկուպանտ», բ) միակողմանի զիջումներ պարտադրելով ԼՂՀ-ին` փորձ է արվում խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գ) ԼՂՀ կայացումն ապօրինի ճանաչելու հնարքով նպատակ է հետապնդվում իրականացնել անիրականանալին` ԼՂՀ-ն բռնակցել Ադրբեջանին», – նշում են հայտարարության հեղինակները:

«Ժառանգությունն» Ադրբեջանի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի ներքո և ԼՂՀ-ի բացակայությամբ մշակված փաստաթղթին Հայաստանի` հավանություն տալու հեռանկարը որակում է «օրինավոր ինքնորոշված, ապագաղութացած, կայացած ու միջազգային ճանաչման արժանի ԼՂՀ-ի դեմ ձախողման դատապարտված հանցավոր դավադրություն»:

Հայտարարության վերջում «հիշեցնում և զգուշացնում է Կազան ուղևորված Հայաստանի նախագահին».

«Առանց ԼՂՀ օրինական ներկայացուցիչների ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ իրավական առումով առոչինչ են,

իր հանձնառությունը ոչ թե օտար պետությունների ղեկավարների առջև է, ինչպես Դովիլյան հայտարարությունն է ակնարկում, այլ` համայն հայության,

Արցախի սահմանադիր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումն ու ճանաչումը Հայաստանի նախագահի սահմանադրական պարտականությունն է եւ սակարկման առարկա չէ, հետևաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու եւ ճանաչվելու նրա իրավունքը,

բանակցությունների ներկայիս ձևաչափի պահպանումը կամ հետայսու դրա հանդուրժումը կնշանակի ԼՂՀ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո չճանաչելու պատրաստակամություն,

որևէ ձեւով այդ դավադրությանը մասնակից դառնալը կնշանակի փաստացի ինքնահրաժարական հայրենիքից ու պաշտոնական պարտականություններից, և նման անընդունելի զարգացումների դեպքում պետք է պատրաստ լինել հրաժարականի օրինականացմանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»:

Tekali Taxi