Home / Հայաստան / Հայկական հեռուստաալիքը կարող է դադարեցնել հեռարձակումը

Հայկական հեռուստաալիքը կարող է դադարեցնել հեռարձակումը

Հուլիսի 1-ից առաջին ռուս-հայկական «ТВ АРМ РУ» հեռուստաալիքը կարող է դադարեցնել հեռարձակումը և հայտարարել իր սնանկացման մասին, ինչը պայմանավորված է վարկերը ամբողջությամբ և վաղաժամ մարելու վերաբերյալ վարկատուների պահանջներով:
2010 թվականին եթեր դուրս եկած «ТВ АРМ РУ»-ի ղեկավարությունը և աշխատակիցները խնդրում են հեռուստադիտողներին օգնել իրենց միջոցներ հայթայթել հեռուստաալիքի պահպանման համար:

«ТВ АРМ РУ»-ի տնօրենների խորհրդի ղեկավարը դրամային փոխանցումների «Անելիք» համակարգի ղեկավար Արմեն Ղազարյանն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հեռուստաալիքը հավելյալ բաժնետոմսեր է տրամադրում և մտադիր է բաժնետոմսերի չվերահսկվող փաթեթ առաջարկել ներդրողներին:

Այս առնչությամբ մի շարք պարբերականներ հայտնում էին, որ հեռուստաալիքի 100 տոկոս բաժնետոմսերը 7 մլն դոլարով գնել է ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի ինչ-որ գործարար, ինչին հետևել են հեռուստաալիքի` մեծ թվով աշխատակիցների հեռացումները:

Հեռուստաալիքի տնօրեն Տաթևիկ Աղամիրյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատել էր այն տեղեկությունները, որ ադրբեջանցի գործարարը հետաքրքրված է հեռուստաալիքով, սակայն հերքել էր դրա վաճառքի մասին լուրերը:
Բացի այդ, ընկերության ղեկավարությունը վստահեցրել է Panorama.am-ին, որ պայմանագրի ստորագրման դեպքում հաշվի են առնվելու բոլոր քաղաքական և ռազմավարական նրբությունները:

Նշենք, որ առաջին հայ-ռուսական «ТВ АРМ РУ» հեռուստաալիքն արդեն մեկ տարի է` գործում է ռուսաստանյան հեռուստատեսային շուկայում, 3 արբանյակների շնորհիվ հառարձակվում է ողջ Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՊՀ և Բալթյան երկրներում, ինչպես նաև 120 կաբելային ցանցերում` Ռուսաստանի 450 քաղաքներում:
Tekali Taxi