Home / Հայաստան / Միխայիլ Սահակ, Գիվի Թարգի, Գիգի Ծերե. Վրաստանում որոշել են կրճատել

Միխայիլ Սահակ, Գիվի Թարգի, Գիգի Ծերե. Վրաստանում որոշել են կրճատել

Քանի որ Վրաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերի երկար անուններն ու ազգանունները անհնար է գրանցել փաստաթղթում, համաձայն արդարադատության նախարարի որոշման, դրանք կարճացվելու են բառավերջի տառերի կրճատման շնորհիվ: Կրճատված անվան և ազգանվան վերջում պետք է կետ դրվի, որը կմատնանշի անվան փոփոխությունը:

Որոշման մեջ նաև նշվում է, որ անվան կրճատման ժամանակ որոշակի սահմաններում իհարկե հաշվի է առնվելու նաև անունն այս կամ այն կերպ կրճատելու վերաբերյալ անձնագրի տիրոջ ցանկությունը:

Saqinform.ge կայքը փորձել է հասկանալ, թե ինչպիսի տեսք ունեն Վրաստանի նախագահի և նրա թիմի անդամների անձնական տվյալները նոր անձնագրերում: «Միխայիլ Սահակ», «Միխայիլ Մաչավ» (Միխայիլ Մաչավարիանի), «Ակակի Մինա»   (Ակակի Մինաշվիլի), «Գիվի Թարգի» (Գիվի Թարգամաձե), «Գիգի Ծերե» (Գիգի Ծերեթելի), «Խաթունա Կալմախ» (Խաթունա Կալմախելիձե):

Կառավարության նոր նախաձեռնությանը դեմ է հանդես եկել, մասնավորապես, Լեյբորիստական կուսակցությունը:

«Վրացատյաց, հրեշ Սահակաշվիլին շարունակում է ազգային արժեքների, պատմական արմատների և ավանդույթների դեմ անխոնջ պայքարը: Այն բանից հետո, երբ փաստաթղթերում վերացավ «ազգություն» և «հայրենիք» բաժինները, այժմ էլ որոշել է խեղաթյուրել մեր պատմական անուններն ու ազգանունները»,-հայտարարել է կուսակցության գաղափարական գծով քարտուղար Կախաբեր Ձագանիան Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով, եթե հետևենք այս սկզբունքին, Միխայիլ Սահակաշվիլին պետք է մտնի Վրաստանի պատմության մեջ որպես «Կիրակոս Առաջին»: «Մենք Իլյայի և Ակակիի հայրենակիցներն ենք, և թույլ չենք տա ստորացնել մեր ազգային արժանապատվությունը»,- ընդգծել է Ձագանիան` չպարզաբանելով, թե ինչ կապ ունի նախագահի անունը հայակական Կիրակոս անվան հետ:

Tekali Taxi