Home / Հայաստան / Իսպանական քաղաքը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

Իսպանական քաղաքը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկերի Երկրի Սան-Սեբաստիան քաղաքը ճանաչվել է 2016 թվականի եվրոպական մշակույթի մայրաքաղաք:

Սան-Սեբաստիանից բացի, Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք ճանաչվելու իրավունքի համար պայքարում էին Իսպանիայի ևս 5 քաղաքներ` Բուրգոսը, Կորդոբան, Սեգովիան, Սարագոսան և Լաս-Պալմասը: Սան-Սեբաստիանի հաղթանակը անակնկալ էր բոլորի համար, քանի որ հաղթանակի հիմնական հավակնորդ էր համարվում Կորդոբան, հայտնում է «Ռիա Նովոստին»:

Սան-Սեբաստիանի հետ մեկտեղ` 2016-ին մշակութային մայրաքաղաքի գործառույթներն է իրականացնելու նաև Լեհաստանի ամենախոշոր և հնագույն քաղաքներից մեկը` Վրոցլավը: Ինչպես ավելի վաղ նշվում էր, քաղաքը 1,5 մլն եվրո պարգևատրում կստանա:

Ամեն տարի մեկ կամ երկու եվրոպական քաղաքներ մրցութային կարգով ընտրվում են որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Հաղթող քաղաքները ոչ միայն հայտնվում են Եվրամիության մշակութային կյանքի կենտրոնում` դեպի իրենց գրավելով բազմաթիվ զբոսաշրջիկների, այլ նաև ֆինանսական աջակցություն են ստանում իրենց մշակութային հաստատությունների կատարելագործման և նորացման համար:

Եվրամիության այս նախաձեռնությունը գործում է 1985-ից: Այդ տարի առաջին անգամ Եվրոպական մշակույթի մայրաքաղաք ճանաչվեց Աթենքը:

Tekali Taxi