Home / Հայաստան / Լրագրողներին արգելել են մասնակցել մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի դատին

Լրագրողներին արգելել են մասնակցել մանկապղծության մեջ մեղադրվող գործարարի դատին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի» ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:

Ինչպես հաղորդում է hetq.am կայքը, առաջին դատական նիստից առաջ Տեր-Պողոսյանը լրագրողների ներկայության պատճառով հրաժարվել է մտնել նիստերի դահլիճ: Նրա փաստաբանի միջնորդությամբ լրագրողներին արգելվել է մասնակցել նիստին:

Հիշեցնենք, որ, համաձայն ՀՀ դատախազության, «Սերոբ Տեր-Պողոսյանը սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել սեքսուալ բնույթի գործողություններով»:

Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով), վերաորակվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով):

Tekali Taxi