Home / Հայաստան / Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանին 20 հազար եվրո վճարել Եհովայի վկային

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանին 20 հազար եվրո վճարել Եհովայի վկային

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ (16 կողմ, 1 դեմ) վճիռ է կայացրել, համաձայն որի Հայաստանը խախտել է Եհովայի վկա Վահան Բայաթյանի խղճի ազատության իրավունքը, ով դատապարտվել և ազատազրկվել էր զինծառայությունից հրաժարվելու համար: Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել են Բայաթյանին վճարել 10 հազար եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 10 հազար եվրո որպես ծախսերի փոխհատուցում:

Նշենք, որ 2002 թվականին Վահան Բայաթյանը դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման զենք կրելուց հրաժարվելու պատճառով: Ինչպես ասված է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, այս որոշումը նա կայացրել էր «Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի հիման վրա»:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՄԻԵԴ-ի պատմության մեջ առաջին անգամ է, որ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը ճանաչվում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով լիովին պաշտպանվող իրավունք:

Այս վճիռը Եհովայի վկաները դիտում են որպես մեծ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և նշում են, որ 69 Եհովայի վկաներ, ովքեր այժմ ազատազրկված են Հայաստանում որպես խղճի կալանավորներ, սպասում են իրենց անհապաղ ազատվելուն:

Tekali Taxi