Home / Հայաստան / «Բուլգարիայի» 199 ուղևորներից փրկվել են միայն 79

«Բուլգարիայի» 199 ուղևորներից փրկվել են միայն 79

Նախօրեին Վոլգա գետում խորտակված թաթարական «Բուլգարիա» շոգենավի շուրջ փրկարար աշխատանքներ կատարող ջրասույզները երկուշաբթի առավոտյան մեծ թվով դիակներ են հայտնաբերել, հայտնում է Թաթարստանի Արտակարգ իրավիճակների շրջանային  վարչությունը: Զոհվածների թիվը կարող է մոտենալ պաշտոնապես դեռևս անհայտ կորածներ համարվողների թվին` 104  մարդ: Շոգենավի վրա գտնվող մարդկանց մեկ երրորդը երեխաներ են, գրում է «Իզվեստիա» թերթը:

Զոհվածների մասին  պաշտոնական տվյալները պարբերաբար թարմացվում են: Ըստ վերջին տվյալների` 9 մարդկանց մարմիններ են հայտնաբերվել, այդ թվում` մեկ երեխայի, 79 մարդ փրկվել է:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ջրասույզ փրկարարներն աշխատել են ողջ գիշեր: Այս մասին գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Իգոր Պանշինը. «Նրանք թակում էին տարբեր կորպուսների դռներ` հնարավոր պատասխանի ակնկալիքով, սակայն, ցավոք սրտի, պատասխան չկար: Առավոտյան լուսավորել են ներքին բաժինները` ռեստորանները, բառերը, երաժշտական սրահը, որտեղ սովորաբար մարդկանց մեծ կուտակումներ են լինում: Այնտեղ մարդիկ կան: Բայց նրանց մեջ կենդանի մարդիկ չկան»,- հայտնել է նա:

Գործակալությունը նաև հայտնում է, որ խորտակման պահին երաժշտական սրահում կարող էին մոտ 50 երեխաներ լինել: Հաղորդագրություններ կան այն մասին, որ այնտեղ այդ պահին միջոցառում է անցկացվել:

Թաթարստանի Արտակարգ իրավիճակների վարչությունը երկուշաբթի հայտնել է, որ «Բուլգարիայի» վրա 199 մարդ է եղել:

Հիշեցնենք, որ «Բուլգարիա» շոգենավը խորտակվել է Վոլգա գետի վրա կիրակի` ամպրոպի ժամանակ:

Tekali Taxi