Home / Հայաստան / Կոնգրես – իշխանություն երկխոսության օրակարգը կհաստատվի տասնօրյա ժամկետում

Կոնգրես – իշխանություն երկխոսության օրակարգը կհաստատվի տասնօրյա ժամկետում

Իշխանությունների և Հայ Ազգային Կոնգրեսի միջև երկխոսության օրակարգի ցանկացած խնդիր պետք է առընչվի արտաքին և ներքին քաղաքականության հետ, իսկ եթե խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, նման քննարկում տեղի չի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Անընդունելի է քննարկել արտահերթ ընտրությունները թե իրավական, թե քաղաքական  տեսանկյունից», – ասել է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե Կոնգրեսն իշխանությունների հետ մտադիր է երկխոսել միմիայն արտահերթ ընտրությունների շուրջ, ապա, Բիշարյանի խոսքով, ինքը Կոնգրեսի  քաղաքական գործիչների խոսքում նման ծայրահեղ մոտեցում վերջին շրջանում չի նկատել:

«Եվ պետք էլ չի գնալ ծայրահեղ ճանապարհով: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը նույնպես գիտակցում է, որ իսկապես ժամանակ չկա: Արդեն մենք պետք է նախապատրաստվենք ընտրությունների, իրենք նույնպես, և այստեղ խոսել արտահերթ ընտրությունների մասին որևէ քաղաքական ուժի շահերից չի բխում, առավել ևս` իրենց: Օրակարգային հարցերից մեկը կարող է լինել դա, և այդ մասին,  հնարավոր է, խոսեն, և հիմնարար պատճառներ լինեն, թե ինչու չենք գնում արտահերթ ընտրությունների, և դրանով հրապարակային դաշտը տեղյակ կլինի, թե ինչ է մտածում ընդդիմությունը և իշխանությունը»,- ասել է  Բիշարյանը:

Նա նաև նշել է, որ խմբի ձևավորումից հետո տասնօրյա ժամկետում տեղի կունենան  երկխոսության առաջին կլոր սեղանի քննարկումները, և  հենց այդ ժամանակ էլ պետք է խոսվի այն օրակարգի մասին, որով պետք է առաջնորդվեն երկու կողմերը:

Tekali Taxi