Home / Հայաստան / Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին կփրկի Հայաստանին. փորձագետ

Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին կփրկի Հայաստանին. փորձագետ

Բաքուն ու Երևանը Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դիրքորոշումների մոտեցման իրական տարբերակներ ունեն: Այս մասին «Նովոստի Ազերբայջան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Ըստ նրա` դիրքորոշումների մոտեցման տարբերակներից մեկը Ադրբեջանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին: «Հայաստանը պարբերաբար հայտարարություններ է անում անվտանգության խնդրի վերաբերյալ, որը կարող է խաթարվել այն բանից հետո, երբ օկուպացված տարածքների մի մասը վերադարձվի Ադրբեջանին: Հայաստանի կասկածները մեկընդմիշտ կարող է վերացնել Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին, բայց միայն այն դեպքում, երբ առնվազն երկու օկուպացված տարածքներ փաստացիորեն անցնեն Ադրբեջանի իրավասության տակ:

ՀԱՊԿ-ն էլ Հայաստանի համար կլինի հենց այն գլխավոր, երկաթե երաշխիքը, որն իր անվտանգությունը կապահովի այս ուղղությամբ, քանի որ ինքը` Հայաստանը, բլոկի անդամ է հանդիսանում: Այդ նույն կառույցը երաշխավորում է նաև այն, որ խնդրահարույց աշխարհագրական տարածքում էթնիկ զտումներ չեն լինի: Այս առաջին քայլից հետո կսկսվի վերականգնողական ժամանակավոր շրջանը, իրավիճակի սառեցումը, սխալների վրա աշխատանքը: Այնուհետև մանր քայլերով կսկսեն առաջ շարժվել»,- պարզաբանել է Տրոֆիմչուկը:

Քաղաքագետը թերահավատորեն է մոտենում խնդիրը հանրաքվեների միջոցով լուծելու գաղափարին, որը, ըստ նրա, ճանապարհ է հարթում պատերազմի համար. «Ցանկացած տարբերակով իրականացվող Ժողովրդական հանրաքվեն, լինի դա Ղարաբաղում, Հայաստանում կամ Բաքվում, ուղիղ դեպի պատերազմ է տանում: Բավական է հիշել, թե ինչպես էր Եվրոպան շարժվում դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմ հանրաքվեների միջոցով, օրինակ, Ավստրիայում կամ Չեխոսլովակիայում: Պակաս ողբերգական չէին ավարտվում նաև ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին անցկացվող հանրաքվեները: Հանրաքվեները արագ մահ է նրանց համար, ովքեր նախաձեռնում են դրանք, և նրանց համար, ովքեր մասնակցում են դրանց: Այս իսկ պատճառով այս  հանրաքվեների մասին պետք է առհասարակ մոռանալ»,- հայտարարել է Տրոֆիմչուկը:

Tekali Taxi