Home / Հայաստան / «Լավ» և «վատ» անվանակարգեր. քաղաքապետը մրցույթ է հայտարարել

«Լավ» և «վատ» անվանակարգեր. քաղաքապետը մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ իր Ֆեյսբուքյան էջում կոչ է արել բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց ակտիվորեն մասնակցել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված անվանակարգային մրցույթին և մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին:

Քաղաքապետի հայտարարության համաձայն` նախաձեռնությունը նպատակ ունի գնահատել և խրախուսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել ու օրինակելի ձևով կանաչապատել են իրենց հարակից տարածքները: Ի դեպ, անվանակարգային մրցույթի շրջանակում ներառվելու են նաև անտարբեր սուբյեկտների անբարեկարգ տարածքները: Իսկ թե ինչ պատժամիջոց է կիրառվելու «անպատասխանատու» օբյեկտների նկատմամբ, չի նշվում:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով և ունենալու է երկու անվանակարգ` լավ և վատ: Քաղաքապետի մրցանակներին արժանանալու համար կարող են պայքարել բակային տարածքները, վարձակալած այգիները, դպրոցները, մանկապարտեզները, ուսումնական հաստատությունները, գրասենյակները, սրճարանները, ռեստորանները, խանութները, գազալցակայանները, բենզալցակայանները, շուկաները:

Մրցույթի արդյունքները ամփոփվելու են սեպտեմբերի 15-ին: Մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփվելու են վարչական շրջաններում, այնուհետև կներկայացվելու են Երևանի քաղաքապետարան: Մրցութային հանձնաժողովի ամփոփումից հետո արդյունքները և մրցանակները ներկայացվելու են հանրությանը:

Ի դեպ, մրցանակների բնույթի մասին քաղաքապետարանը դեռ լռում է:

Նշենք, որ Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք թերահավատորեն են մոտեցել մրցույթին, և օգտատերերից մեկն արդեն իսկ պահանջում է քաղաքապետից գրել «մրցութային հանձնաժողովի անուններն ու պաշտոնները` տեսնելու համար` արդյոք ԱՐԺԵ վստահել ժյուրիին ու ժամանակ վատնել այս ՄՐՑՈՒՅԹԻՆ մասնակցելու համար»:

Tekali Taxi