Home / Հայաստան / Ակցիա կառավարության մոտ. նախարարը փորձեց բացատրություն տալ

Ակցիա կառավարության մոտ. նախարարը փորձեց բացատրություն տալ

Այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել բազմաթիվ ոլորտներում իրենց դժգոհությունն արտահայտող խմբեր: Դրանցից մեկն էլ Հայաստանում հանքերի շահագործման դեմ պայքարողներն էին:

‹‹Բանն այն է, որ Հայաստանը հանքահումքային ուժեղ հյուծման է ենթարկվում, այսինքն` բացում են էն հնարավոր բոլոր հանքերն ու հանքավայրերը, որոնք Սովետական Միության ժամանակ անգամ համարել են, որ բացելու կարիք չկա: 450-ից ավելի լիցենզիաներ են տրված և մոտավորապես 200  լիցենզիաներ էլ ընթացքի մեջ են, այսինքն` համապատասխան հետազոտություններ և որոնողական աշխատանքներ են արվում, որ սրանք էլ բացվեն: Եվ այս ամենին կառավարությունը ականջալուր չի լինում››, – լրագրողների հետ զրույցում ասել է ակցիային մասնակցող Գյումրիի Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բազմաթիվ պաստառներ էին բերել: Դրանցից մեկի վրա` ‹‹Ժողովրդի հարստությունը` հանքերի լափողները›› գրության տակ, պատկերված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը,  ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը, Վալեքս գրուպ ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ներկայումս մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը:

Կային նաև այլ բովանդակության պաստառներ` ‹‹Արա, սիկ, հեռացեք››, ‹‹Վերջ տվեք թալանին››:

Ընթացքում բողոքի ակցիային միացան մի խումբ երիտասարդներ` հեծանիվներով, դարձյալ  պաստառները ձեռքներին: Երիտասարդ ակտիվիստներից Սամվել Հովհաննիսյանը նշել է, որ իրենք եկել են այն բնակավայրերից, որտեղ հանքեր են շահագործվում:

‹‹Հերիք է մեր Հայաստանը ծախեք, շուտով արդեն Երևանում էլ կսկսվեն յեսիմ ինչեր անել,  էլ ապրելու տեղ չի լինի: Արդեն հասել են Աբովյան, Հրազդան ամբողջ տարածքը ապականում են, օդն ու ջուրը պղտորում են››, – ասել է Հովհաննիսյանը:

Երբ Կառավարության շենքի դուրս եկավ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, հավաքված մարդիկ սկսեցին վանկարկել ‹‹Հեռացեք››: Վերջինս որևէ կերպ չարձագանքեց հավաքվածների կոչերին, իսկ քիչ անց կառավարության շենքից դուրս եկած Բնապահպանության նախարար  Արամ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին և ներկայացրեց իրենց դիրքորոշումը:

‹‹Անհրաժեշտ է,  որպեսզի ընդերքը շահագործվի, սակայն շրջակա միջավայրի պահպանության խնդիրները պետք է հասցվեն ամենացածր աստիճանի, այսինքն` պետք է շրջակա միջավայրին վնասներ չտրվեն, օգտագործվեն  ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որովհետև դա համաշխարհային պրակտիկա է, որ ընդերքի շահագործումը պետք է ուղեկցվի շրջակա միջավայրի պահպանությունով: Չպահպանվելու կամ այլ խախտումների դեպքում մենք համապատասխան միջոցներ ենք կիրառում››,- ասել է Արամ Հարությունյանը:

Լրագրողների այն հարցին, թե նախարարը կարո՞ղ է նշել, թե որոնք են այն կազմակերպությունները, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը և դրա համար վճարումներ են կատարում,  Հարությունյանը նշել  է  Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը:

Tekali Taxi