2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ոսկե Ծիրանի» հաղթողները

Երեկ` հուլիսի 17-ին, տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը: «Ոսկե Ծիրանի» պաշտոնական կայքը նշում է, որ 631 հայտից նախապես ընտրվել էր շուրջ 150 ֆիլմ: Ֆիլմերից 67-ը մրցում էին միջազգային 4 մրցույթներում: Միջազգային ժյուրիների 6 խմբերը ամփոփել են դրանց արդյունքները:
«Լաթար» համալիրում կայացած փակման հանդիսավոր արարողության ժամանակ միջազգային ժյուրիները հայտնել են հաղթողների անունները:


«Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Ոսկե Ծիրան» 1-ին մրցանակի է արժանացել իրանցի ռեժիսոր Աղհար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Արծաթե ծիրան մրցանակը ստացել է Փարկ Չուն-Բումի «Մուսանյան նոթեր» ֆիլմը:


Ժյուրիի հատուկ մրցանակ է շնորհել Պաուլա Մարկովիչին «Պարգևը» ֆիլմի համար:

«Միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթող են ճանաչվել  Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի» ֆիլմը, ինչպես նաև Լին Թրուի, Նելսոն Ուոքերի,Ցերինգ Պերլոյի «ամառային արոտավայր» ֆիլմը: Հատուկ մրցանակի է արժանացել Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմը:


«Հայկական համայնապատկեր» անվանակարգում մրցանակի են արժանացել Հարութ Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը, և Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմը: Հատուկ մրցանակ է շնորհվել Անաստասիա Պոպովային` «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմի համար:


Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի շրջանակներում գլխավոր մրցանակի է արժանացել  Պյոտր Սուբոտկոն «Գլազգո» ֆիլմի համար: Իսկ հատուկ մրցանակը շնորհվել է Սերհաթ Կարաասլանին «Հեծանիվ» ֆիլմի համար:

Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է  Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմին:

Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվել է  Էմիլ Մկրտչյանին «Տիեզերանավը» ֆիլմի համար:

Բրիտանական Խորհրդի սահմանած մրցանակն է ստացել Հարութ Շատյանը «Բեռնելով կյանքս» ֆիլմի համար: Նույն ֆիլմն արժանացել է նաև «Նուարդ» մրցանակին:


Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակին է արժանացել Պաուլա Մարկովիչի «Պարգևը» ֆիլմը: