Home / Հայաստան / «Չեմ մանրամասնի, սա իմ նախագահի նամակն է». Բաքուն առաջարկում է սպասել հայերի պատասխանին

«Չեմ մանրամասնի, սա իմ նախագահի նամակն է». Բաքուն առաջարկում է սպասել հայերի պատասխանին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմին է փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող նամակին տրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հուլիսին ՌԴ ԱԳ նախարարն այցելել էր Հայաստան և Ադրբեջան և կողմերի առաջնորդներին փոխանցել Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկներ էին արված:

«Այսօր Էլմարը ինձ է փոխանցել այս առաջարկի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի պատասխանը: Մենք կասկած չունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային օրակարգում առաջնային խնդիր է համարվում»,- ասել է Լավրովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել է բացել նախագահի պատասխանի մանրամասները:

«Ամբողջությամբ չեմ մանրամասնի բովանդակությունը… Սա իմ նախագահի նամակն է Դմիտրի Անատոլևիչին, սխալ կլինի մանրամասների մասին խոսել»,-նշել է նախարարը:

Լավրովը հայտնել է նաև, որ «Մեդվեդևը դեռ չի կարդացել պատասխան նամակը»:

Մամեդյարովը նաև նշել է, որ «նախ պետք է սպասել հայկական կողմի պատասխանին»:

«Ընդհանուր առմամբ, մենք Ադրբեջանում կարծում ենք, որ Կազանի հայտարարությանը համաձայն` առաջընթաց կա, այն տեսանելի է, իհարկե, բոլոր կցանականային, որպեսզի այն բեկումնային լիներ, բայց այնուամենայնիվ, մենք աստիճանաբար և մշտական ռեժիմով առաջ ենք շարժվում»,- նշել է նա:

Մամեդյարովի խոսքով` բոլորը հասկանում են, որ ներկայիս իրավիճակը ոչ մի կողմի չի գոհացնում, ինչպես նաև համանախագահ երկրներին` Միացյալ Նահանգներին, Ֆրանսիայի, Ռուսաստանին, «ներկայիս իրավիճակը շուտով կսկսի չգոհացնել նաև մեր հարևաններին»,- նշել է Մամեդյարովը:

Tekali Taxi