Home / Հայաստան / Աքսել Ֆիշերը չի հանդիպել մարտի 1-ին զոհվածների ծնողների հետ

Աքսել Ֆիշերը չի հանդիպել մարտի 1-ին զոհվածների ծնողների հետ

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԵԽ հայաստանյան գրասենյակից իրեն հայտնել են, թե Հայաստանում գտնվող ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը չի կարող ընդունել զոհերի հարազատներին:

ԵԽ գրասենյակից տիկին Հովհաննիսյանին փոխանցել են, թե դա պայմանավորված է Ֆիշերի գրաֆիկի խտությամբ և ժամանակի սղությամբ:

«Մենք սպասում էինք, որ պետք է համազեկուցողների հետ հանդիպենք և ներկայացնենք վիճակը, նշենք, որ այն հայտարարությունը, որը Սերժ Սարգսյանն արեց Ստրասբուրգում, չի համապատասխանում իրականությանը և քանի որ աշնանային նստաշրջանում պետք է Հայաստանի հետ կապված զեկույց լինի, շատ էինք սպասում այդ հանդիպմանը, որ մեր բողոքն արտահայտեինք»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ասում էր, թե Մարտի 1-ի գործով 4 ոստիկան արդեն պատասխանատվության է ենթարկվել:

«Բայց դա Մարտի 1-ի առավոտյան դեպքերի հետ է կապված, որը սպանությունների հետ ընդհանրապես կապ չունի: Եվ շատ ցավալի է, որ 10 սպանությունների հետ կապված բացահայտում դեռ չկա, այն դեպքում, երբ 3 հոգին «Չերյոմուխայից» են զոհվել ոստիկանի ձեռքով, դա ակնհայտ է»,- ասել է Հովհաննիսյանը:

Երբ ԵԽ գրասենյակից Ալլա Հովհաննիսյանին հայտնել են, որ Ֆիշերը հանդիպելու է միայն իշխանության և ընդդիմության հետ, նա հայտարարել է, որ այն, ինչ համազեկուցողներին ներկայացնում են իշխանությունները, չի համապատասխանում իրականությանը: Զոհերի հարազատները պատրաստվում են նամակ հղել ԵԽԽՎ-ին՝ աշնանային նստաշրջանից առաջ:

Tekali Taxi