Home / Հայաստան / Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Կոնսերվատորիայի ռեկտորը

Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Կոնսերվատորիայի ռեկտորը

«168 ժամ» պարբերականն այսօրվա համարում գրում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնի շուրջ առկա խմորումների մասին:

Նշենք, որ հունիսի 28-ին արդեն նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը:

«168 ժամը» նշում է, որ 2002 թվականին Սերգեյ Սարաջյանի պաշտոնավարմանը նպաստել է նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը, ով Սարաջյանին համարել է վստահելի հետևորդ:

«Ամիսներ առաջ, սակայն, դեռևս անհայտ պատճառներով, նրանք ընդհարվել էին: Պատմում են, որ Սարաջյանը և Սմբատյանը ռեկտորի կաբինետում այնքան բուռն վիճաբանություն են ունեցել, որ նրանց ձայնը հասել է մինչև առաջին հարկ», – գրում է պարբերականը:

Դրանից հետո Սերգեյ Սարաջյանը անսպասելիորեն չի գլխավորել 2011 թվականի հունիսի 6-ին մեկնարկող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին, թեև նախապես հայտարարված է եղել, որ ժյուրիի նախագահ է լինելու այն ժամանակ կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Սարաջյանը:

Թերթի փոխանցմամբ` մրցույթից երկու շաբաթ առաջ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր մոտ է հրավիրել հայտնի դաշնակարուհի Սվետլանա Նավասարդյանին և տեղեկացրել, որ Սարաջյանի փոխարեն ինքը պետք է գլխավորի ժյուրին:

Դրանից հետո` հունիսի վերջին, կայացել է նաև Սարաջյանի հրաժարականը:

«168 ժամը» նշում է, որ այսօր ռեկտորի պաշտոնի համար 2 թեկնածու կա՝  Արմեն Սմբատյանի հետ քավոր-սանիկային կապ ունեցող, պաշտոնակատար նշանակված Շահեն Շահինյանը և կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին՝  Ռուբեն Տերտերյանը, ով ՀՀ-ից 18 տարի բացակայելուց հետո վերջերս հայտնվել է ասպարեզում և ամիսներ առաջ նշանակվել պրոռեկտորի պաշտոնում:

Tekali Taxi