Home / Հայաստան / «Միկան» պարտվեց. Հայաստանը` եվրոպական ակումբային ֆուտբոլի ետնաբեմում

«Միկան» պարտվեց. Հայաստանը` եվրոպական ակումբային ֆուտբոլի ետնաբեմում

Հայաստանը եվրագավաթներում ներկայացնող վերջին ֆուտբոլային ակումբը` «Միկան», երեկ Երևանում 0:1 հաշվով պարտություն կրեց նորվեգական «Վոլերենգա» ակումբից և զրկվեց հաջորդ փուլում պայքարը շարունակելու հնարավորությունից: Մեկ շաբաթ առաջ «Միկան» մրցակցի հարկի տակ պարտվել էր նույն հաշվով:

«Միկայի» ֆուտբոլիստները առաջին խաղակեսում ստադիոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ անառիկ պահեցին սեփական դարպասը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում Ֆրեդի դոս Սանթոսը գրավեց հայաստանյան թիմի դարպասը, և պարզ դարձավ, որ «Միկան» այլևս չի կարողանա հաղթահարել առաջին փուլի արգելքը: Մինչև հանդիպման վերջ դաշտի տերերը երկու-երեք գոլային պահ ստեղծեցին, բայց չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Նորվեգացիներն էլ, իրենց հերթին, ջանքեր չգործադրեցին իրենց առավելությունը մեծացնելու համար և բավարարվեցին նվազագույն հաղթանակով:

Նշենք, որ հայաստանյան չորս ակումբները` «Փյունիկը», «Բանանցը», «Ուլիսը» և «Միկան», այս մրցաշրջանում եվրագավաթներում անցկացրել են 8 խաղ, որոնցից 7-ում պարտվել են և 1 դեպքում (Բանանցը) ոչ-ոքի են խաղացել: Բոլոր հայաստանյան թիմերը դուրս են մնացել մասնակցության առաջին փուլից` խփելով 2, բաց թողնելով 18 գնդակ:

Այս տարվա անհաջող ելույթից հետո այս պահի դրությամբ Հայաստանը եվրոպական ակումբային ֆուտբոլի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը` զիջելով անգամ Լյուքսեմբուրգին և Լիխտենշտեյնին, ովքեր մեկական թիմ են դուրս բերել հաջորդ փուլ:

Հայաստանն առաջ է միայն Անդորրայից, Սան Մարինոյից և Ֆարերյան կղզիներից:

Tekali Taxi