Home / Հայաստան / Կոնգրեսը և իշխանությունները կքննարկեն արտահերթ ընտրությունների հարցը

Կոնգրեսը և իշխանությունները կքննարկեն արտահերթ ընտրությունների հարցը

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի պատվիրակությունները հաջորդ հանդիպմանը կքննարկեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը: Այս մասին այսօր ժամը 14:30-ի սահմաններում ավարտված կողմերի երկրորդ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` հանդիպման ընթացքում «որոշեցինք այս պահին ամենակարևոր հարցը լուծել, դա մեր բանակցությունների օրակարգի ձևավորումն է»:

«Կարող եմ շնորհավորել Ձեզ` օրակարգը ձևավորված է», – ասել է Լևոն Զուրաբյանը` նշելով, որ օրակարգում ընդգրկվել է ավելի վաղ մամուլին տրամադրված Հայ Ազգային Կոնգրեսի հետևյալ առաջարկը. «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում»:

Այն, որ արտահերթ ընտրությունների հարցն ընդգրկվել է բանակցությունների օրակարգում հաստատել է նաև իշխանական կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ, իրենց հերթին, իշխանությունների ներկայացուցիչները ներկայացրել են հետևյալ առաջարկը` «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում», որը փոխադարձ համաձայնությամբ նույնպես ներառվել է բանակցությունների օրակարգում:

«Օրակարգը ձևավորված է, մյուս հանդիպումը կանցնի օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին, որտեղ մենք արդեն կանցնենք բովանդակային քննարկումների», – եզրափակել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi