Home / Հայաստան / Օգոստոսին Երևանում մեծ թիվ են կազմել շտապօգնության կանչերը

Օգոստոսին Երևանում մեծ թիվ են կազմել շտապօգնության կանչերը

Օգոստոսի 1-ին, 2-ին և 3-ին Երևանում շտապօգնության կանչերը բավական մեծ թիվ են կազմել: Այս մասին ասել է Երևանում գործող «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը` պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե  վերջին օրերին գրանցված շոգ եղանակի հետ կապված, որքան են շատացել շտապօգնության կանչերը:

«Տարիքային որևէ կոնկրետ խումբ չենք արձանագրել, կանչերը եղել են և երեխաների, և մեծահասակների համար: Իսկ ախտորոշումները տարբեր են՝ սրտանոթային, տրավմաներ, ռեսպիրատոր ինֆեկցիոն գանգատներ»,- ասել է Ստեփանյանը:

Ստեփանյանի հետ մեր նախորդ զրույցի ընթացքում նա խորհուրդ էր տվել ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ մարդկանց խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և մնալ ստվերում, տանը կամ աշխատանքի վայրում:

«Շոգ օրերին հարկավոր է շատ հեղուկ օգտագործել, ինչպես նաև հեղուկ պարունակող սնունդ և մրգեր, խուսափել ծանր ուտելիքների օգտագործումից, նույնիսկ պահպանել որոշակի դիետա: Իսկ արևի վտանգավոր ժամերն են 13:00-ից 17:00-ն», – նշել էր  Ստեփանյանը:

Tekali Taxi